Հիմա 140  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Թեստային քննություններ

Թեստային քննություններ 13 տարի 5 ամիս առաջ #204

Գիտելիքների ստուգման թեստային եղանակը արտասահմանում վաղուց կիրառվող եղանակ է: Այն կիրառվում է և դպրոցներում ու բուհերում, և այլ ոլորտներում, օրինակ աշխատակիցների ատեստավորման համար:
Մեզանում այս երևույթը նոր է և իր հետ բերել է բազմաթիվ փոփոխություններ:
Նախ մի քանի խոսք դրա դրական կողմերի մասին:
Թեստային եղանակը հնարավորություն չի տալիս սյուբեկտիվ կամ կամայականորեն իջեցնել աշխատանքի գնահատականը: Աշակերտներն ու ծնողները քննությունից ժամեր անց հնարավորություն ունեն իմանալ իրենց գնահատականը:
Բայց թերություններն էլ շատ են:
Թեստային եղանակը, առավել ևս ոչ լավ մտածված թեստը, հնարավորություն չի տալիս բացահայտել դիմորդի իրական պոտենցիալն ու ստեղծագործական կարողությունները:Երկրորդ եթե նկատի ուենանք, որ դրանք չեն բացառում մարդկային գործոնը, և հետևաբար ցանկության դեպքում հնարավոր է բարձրացնել մյուսների գնահատականը, ապա սկզբում նշածս առավելությունը ըստ էության բան չի փոխում: Չէ որ առանձնապես տարբերություն չկա քո գնահատականն են իջեցնում, թե մյուսինը բարձրացնում, արդյունքը նույնն է:
Թեստերի որակը նույնպես բավականին ցածր է, ամեն տարի մի շարք առարկաների թեստերում բազում վրիպակներ են հայտնաբերվում, էլ չեմ խոսում, թե տվյալ թեստը գոնե 50 տոկոսով կարողանո՞ւմ է լավը վատից տարբերակել հարցի մասին: Թեստերի համար տրվող ժամանակը նույնպես անբնական է, գոնե մաթեմատիկայի համար, հաստատ:

Շատ չեմ երկարացնում, լավ կլինի դուք էլ ձեր կարծիքն ու դիտարկումները ներկայացնեք: Ավելացնեմ, որ կարող եք ներբեռնել և նայել "ЕГЭ-путь к катастрофе" հոդվածը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 12 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Թեստային քննություններ 12 տարի 6 ամիս առաջ #716

Արտագրություն դպրոցի ամենախիստ դասատուի ժամին

Նյութը վերցված է http://dprocakan.wordpress.com կայքից:

Թեստային աշխատանքների ժամանակ մենք միշտ արտագրում էինք: Ու դա եղավ այն բանից հետո, երբ դպրոցներում ստուգողական ու ուսուցողական գրավորների փոխարեն սկսեցինք գրել թեստայիններ: Հենց էդ ժամանակ էլ ամեն ինչ խառնվեց:

Սկզբում շատ էինք վախենում, ոչ մի բան չգիտեինք թեստայինների մասին ու ոչ մի պատկերացում չունեինք: Ուսուցիչների համար էլ էր դժվար. մինչև հունի մեջ ընկանք` երկար ժամանակ պահանջվեց: Բայց երբ ամեն ինչ պարզվեց`արդեն դրանից հետո սկսվեց մեր արտագրությունը:

Տարվա սկզբին նախորոք գնում էինք այն թեստային տետրերը, որոնցով պետք է թեստային աշխատանքներ անեինք: Դասարանում համարյա բոլորն էլ ունեին տետրեր թեստայիններ պարապելու համար:

Չեմ էլ հիշում, թե արտագրությունը ում միտքն էր, միայն հիշում եմ, որ վերջին երկու-երեք տարում լավ արտագրում էինք: Երբ մոտենում էր գրավորների ժամանակը` չորս ընկերուհիներով հավաքվում էինք ու սկսում պարապել: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր անցնում: Երբ ավարտում էինք, պատասխաններն արտագրում էինք փոքրիկ թղթիկների վրա: Իսկ հաջորդ օրը ամբողջ դասարանն ունենում էր պատասխանները: Բոլոր առարկաների ժամանակ էլ արտագրում էինք, բայց ամենատպավորիչը պատմության թեստերի արտագրությունն էր:

Հետաքրքիր էր նրանով, որ պատմության դասատուն դպրոցի ամենախիստ դասատուն էր: Այդ ժամին ճանճի տզզոցը լսվում էր: Դասի ժամանակ չէինք կարողանում անգամ մի ձեռքի շարժում անել առանց թույլտվության: Բայց մեկ է`իր ժամին լավ էլ արտագրում էինք:

Ես պատասխանները անգիր էր սովորում, ընկերուհիս մանր տառերով սեղանի վրա էր գրում, էն մյուսը ձեռքի վրա, մնացածները փոքրիկ թղթիկների վրա էին գրում ու գրավորի ժամանակ արտագրում:

Դասատուն գիտեր, որ պատասխանները ունեինք ու արտագրում էինք, բայց քանի որ չէր կարողանում գտնել մեր մոտ պատասխանները այդ պատճառով էլ ոչ մի բան չէր ասում: Միշտ մեզ ասում էր, որ գրագողությամբ ենք զբաղվում:

Պատմության գրավորների ժամանակ շատ էինք վախենում, որովհետև եթե պատասխանները գտներ` մեր մոտ հաստատ մեր վերջը կգար:
Բայց մեկ է` հետաքրքիր էր: Ինչպես ասում էր մեր ուսուցիչը. «ինչ միջոցների ասես, որ չեք դիմում արտագրելու համար»:


Ես կարևորում եմ այստեղ այն, որ աշակերտներն են նկարագրում վիճակը: Եվ երկրորդը, որ շատ պարզ երևում է, որ "ամենախիստ դասատուն" կարող էր նոր թեստեր կազմել և դրանով բացառեր պատասխաններն ունենալու հնարավորությունը: Իսկ աշակերտներին թվացել է, թե նա ուզեցել է, բայց ճար չի գտել կամ ունեցել կանխելու արտագրությունները:
Դասատուն ասել է, որ երեխաները գրագողությամբ են զբաղվում, բայց ինքն էլ "ամենախիստ դասատու" ձևանալով է զբաղվել:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 12 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Թեստային քննություններ 9 տարի 6 ամիս առաջ #1576

Կրճատումներով ներկայացնում եմ "Բնագետում" տպագրված հոդվածս`

Թեստային ստուգումների ու MyTestXPro ծրագրի մասին


Սովորողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ստուգումը ուսուցման կարևոր բաղադրիչներից է: Ստուգման նպատակը յուրացման որակը պարզելուց բացի, դրա արդյունքներից կախված, հետագա անելիքները որոշելը և ուսուցման պրոցեսում համապատասխան փոփոխություններ մտցնելն է: Հետևաբար ստուգումը ոչ միայն արձանագրում է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձեռք բերած մակարդակը, այլ նաև, հետադարձ կապ ապահովելով, բարձրացնում է հետագա քայլերի արդյունավետությունը ու նպաստում ուսուցման որակի բարձրացմանը:
Այս տեսանկյունից կարևոր են նաև ստուգման ձևերն ու եղանակները, քանի որ դրանք տարբեր խորությամբ, տարբեր մասշտաբներով են իրականացվում և տարբեր հավաստիություն ու ինֆորմացիա են ապահովում:
Բանավոր ստուգումը, գրավոր ստուգման հետ համեմատած, ավելի խորն ու վստահելի է, բայց ավելի ժամանակատար է, հետևաբար մեծաքանակ սովորողների միաժամանակյա ստուգման համար քիչ կիրառելի է: Գրավոր ստուգումներն այդ տեսակետից ավելի հարմար գործիք են: Գրավոր ստուգման մի տեսակ էլ թեստային ստուգումներն են: Թեստային ստուգումներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները:
Ըստ էության ստուգման թեստային եղանակն ունի երկու թերություն.
• պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը չի երաշխավորում գիտելիքի, կարողության առկայությունը կամ բացակայությունը,
• չի երևում աշակերտի քայլերի տրամաբանությունն ու թույլ տված սխալները:
Իսկ որո՞նք են թեստային ստուգման առավելությունները: Դրանք հետևյալն են.
• գիտելիքների ու կարողությունների արագ ստուգումը,
• ուսումնական նյութի թեկուզ մակերեսային, բայց ավելի ընդգրկուն ստուգումը,
• տվյալ ուսուցչի որակավորումից կամ տրամադրությունից անկախությունը,
• բարձր օբյեկտիվությունը` ուսուցիչը չի կարող իր հայեցողությամբ գնhատական իջեցնել, ինչը բացառում է այդ հողի վրա ուսուցիչ աշակերտ կոնֆլիկտը,
• առաջադրանքների կատարման և աշխատանքների ստուգման ժամանակի կրճատումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի հաճախակի ստուգումներ անցկացնել,
• ստուգման արդյունքների արագ ամփոփումն ու առկա դժվարությունների բացահայտումը:
Հայաստանում թեստային ստուգումները սկսեցին լայնամասշտաբ կիրառվել ընդունելության և ավարտական քննությունների ժամանակ: Ավելի ուշ դրանք սկսեցին կիրառվել նաև թեմատիկ, կիսամյակային ու տարեկան ամփոփիչ ստուգումների համար:
Հասարակությունը, մասնավորապես, ուսուցիչները, ծնողները և աշակերտները մեղմ ասած այնքան էլ ճիշտ չեն համարում թեստային ստուգման ձևը (տես, օրինակ, [1] և [2]):
Դժգոհությունն ունի օբյեկտիվ պատճառներ, բայց ավելի շատ կապված է մեր իրականության հետ, քան թե ստուգման թեստային եղանակի: Որպես հիմնական թերություն նշվում է դրանց արդյունքների ոչ հավաստիությունը, այսինքն որ դրանք չեն արտացոլում գիտելիքների իրական պատկերը, իսկ վերջինին նպաստում են պատահաբար ճիշտ պատասխան տալու հնարավորությունը, իրար հուշելու կամ արտագրելու լայն հնարավորությունները: Իհարկե, այսպիսի ստուգումը իրոք անիմաստ է և ժամանակի իզուր կորուստ: Ուսուցիչներն այս ամենից բացի դժգոհում են թեստային առաջադրանքներ կազմելու համար անհրաժեշտ աշխատանքների ծավալից կամ նախարարության ու նրա կառույցների կողմից առաջարկվող թեստերի ուռճացված գներից: Բոլոր դժգոհությունները տեղին են, քանի որ համապատասխանում են իրականությանը: Իսկ ինչո՞ւ է իրականությունը այդպիսին:
Հանրակրթությունում օգտագործվող բոլոր թեստերն ընդունելության կամ ավարտական քննությունների համար կիրառվող թեստերի նմանօրինակներն են` շատ փոքր տարբերություններով: Իսկ ընդունելության կամ ավարտական քննությունների թեստերում հարցերի տեսակները խիստ սահմանափակ են: Դա կապված է դրանք ստուգելու եղանակի հետ: Հասկանալի պատճառներով դրանք չէին կարող ստուգվել ձեռքով, օգտագործվում է համակարգչային տեխնիկա, բայց ոչ համակարգչային թեստեր: Առաջանում է պատասխանների ձևաթղթում եղած ինֆորմացիայի ճանաչման տեխնիկական դժվարություն, որն էլ բերում է հարցերի տեսակների այդպիսի սահմանափակման: Այսպիսի մոտեցումը պրոյեկտվում է թեմատիկ կամ ամփոփիչ թեստերի վրա և արդյունքում դրանցում նույնպես քիչ են օգտագործվում տարբեր տեսակի հարցերով թեստ կազմելու հնարավորությունները:
Նշենք, որ հաշվի առնելով ընդունելության քննությունների առանձնակի բնույթը, հետագա շարադրանքում խոսելու ենք միայն թեմատիկ և ամփոփիչ թեստային ստու-գումների մասին և դա անելու ենք հատկապես մաթեմատիկայի օրինակով:
Այսօր մաթեմատիկայի թեստերը հիմնականում կազմվում են միակ ճիշտ պատասխանով, պատասխանում թվի մուտքագրումով, պնդման ճիշտ կամ սխալ լինելը որոշելու հարցերով: Քիչ է նաև նույն լսարանում անցկացվող թեստերի տարբերակների քանակը` սովորաբար երկու տարբերակ:
Պարզ է, որ այսպիսի թեստերի դեպքում մեծ է ճիշտ պատասխանը գուշակելու հավանականությունը, իրար հուշելու հնարավորությունը: Իսկ արտագրությունները հնարավոր են դարձել, քանի որ մեզանում հաճախ թեստերը վերցնում են տարբեր դասարանների թեմատիկ և ամփոփիչ թեստերի տպագրված գրքույկներից, որոնցում, ուսուցչի գործը հեշտացնելու համար, նշված են նաև պատասխանները: Բայց այդ թեստերը ազատ ձեռք են բերում նաև աշակերտները և ստուգողականի ժամանակ արտագրում իրենց ունեցած պատասխանները:
Օրինակներով քննարկենք նույն գիտելիքը կամ կարողությունը ստուգող առաջադրանքը տարբեր ձևերով ներկայացնելու դեպքում վերևում նշված հնարավորությունների փոփոխությունը: ա) ձևակերպումները կլինեն այնպիսին, ինչպիսին այսօր կիրառվում են, իսկ բ) դեպքում դրանք կփոխարինվեն այլ տեսակի հարցերով:
Օրինակ 1. Ստուգվում է ֆունկցիայի սահմանափակության հետ կապված հարցերում աշակերտի կողմնորոշվելու կարողությունը:
ա) Հետևյալ ֆունկցիաներից ո՞րն է սահմանափակ ֆունկցիա:

1_2014-09-09.png


բ) Որոշեք համապատասխանությունը:


2_2014-09-09.png


ա) ձևակերպման դեպքում հարցին պատասխանելը ավելի հեշտ է, հեշտ է նաև ընկերոջը հուշելը՝ ընդամենը պետք է հասկացնել, որ առաջինն է ճիշտ պատասխանը: Ճիշտ պատասխանը գուշակելու հավանականությունը 1/4 է:
բ) ձևակերպման դեպքում հարցին ճիշտ պատասխանելու համար ավելի լավ պատրաստվածություն է անհրաժեշտ, հուշելը շատ ավելի դժվար է, իսկ ճիշտ համապատասխանությունը գուշակելու հավանականությունը 1/24 է:
Ինչպես տեսնում ենք դրությունը էապես փոխվեց, երբ մենք օգտվեցինք նոր տիպի՝ համապատասխանությունը որոշելու տիպի հարցից:
Օրինակ 2. Ստուգվում է ֆունկցիայի զույգությունը պարզելու աշակերտի կարողությունը:
ա) Հետևյալ ֆունկցիաներից ո՞րն է զույգ ֆունկցիա:

3.png


բ) Հետևյալ ֆունկցիաներից ո՞րն է զույգ ֆունկցիա:

4_2014-09-09.png


Այստեղ նույնպես բ) ձևակերպման դեպքում շատ ավելի դժվար է և գուշակելը, և հուշելը: Բայց ընդամենը փոխվել է հարցի տեսակը` միակ ճիշտ պատասխան ունեցող հարցը փոխարինվել է բազմակի ճիշտ պատասխան ունեցող հարցով:
Օրինակ 3. Ստուգվում է կոտորակային թվերը համեմատելու աշակերտի կարողությունը:

5_2014-09-09.png



6_2014-09-09.png


Այս դեպքում միակ ճիշտ պատասխանով հարցը փոխարինվել է հերթականությունը որոշելու հարցով: Փոփոխության արդյունքում նորից անհամեմատ դժվարացել է պատասխանը հուշելը, իսկ ճիշտ պատասխանը գուշակելը գործնականում դառել անհնար, քանի որ դրա հավանականությունը 1/120 է:
Այս օրինակները ցույց են տալիս, որ այլ տեսակի հարցերի օգնությամբ կարելի է էապես բարելավել ստուգման խորությունն ու արժանահավատությունը:
Իհարկե, շատ կարևոր է նաև թեստերի որակը: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել ինչպես յուրաքանչյուր հարցի ու նրա հնարավոր պատասխանների վրա, այնպես էլ հարցերի ամբողջության: Հարցերի կամայական խումբ չի կարող որակյալ թեստ ստեղծել: Որակյալ թեստ կազմելը բավական աշխատատար է, քանի որ, բացի առաջադրանքների վրա մտածելուց, պետք է մտածել հնարավոր պատասխանների տարբերակների վրա: Նույնիսկ միակ ճիշտ պատասխանով հարցը, կախված սխալ պատասխանների տարբերակներից, կարող է ահագին բան պարզել կամ գրեթե ոչինչ չպարզել: Օրինակ, եթե ճիշտ պատասխանի կողքին դրվի պատահական երեք սխալ պատասխան, ապա կարող է հարցը իր նպատակին չծառայել, այսինքն չպարզել երեխան գիտի այն ինչ ուզում էիք ստուգել, թե չգիտի: Դրա պատճառը կլինի այն, որ սխալ պատասխաններն արագ և առանց տվյալ նյութն իմանալու կժխտվեն և կմնա ճիշտ պատասխանը: Լրիվ այլ է վիճակը, երբ սխալ պատասխանները ստացվում են սպասվող հնարավոր սխալների արդյունքում: Հետևաբար, որակյալ թեստ կազմելը լուրջ և աշխատատար գործ է և կազմողից պահանջում է բավականին բարձր մասնագիտական որակավորում:
Գոյություն ունի թեստային ստուգման երկու տեսակ` թղթային և համակարգչային: Առաջին դեպքում աշակերտները լրացնում են պատասխանների ձևաթուղթը, որը հետո համեմատվում է ճիշտ պատասխանների հետ: Երկրորդ դեպքում աշխատում է ինչ-որ համակարգչային ծրագիր, որի օգնությամբ էլ կատարվում է թեստավորումը: Վերջում համակարգիչը ցույց է տալիս թեստավորման արդյունքը:
Համացանցում կարելի է գտնել համակարգչային թեստեր կազմելու և թեստավորում անցկացնելու բազմաթիվ ծրագրեր, որոնք հատուկ այդ նպատակների համար էլ ստեղծվել են: Դրանց մի մասը բավականին պարզունակ է, առավել հզորները որպես կանոն վճարովի են և ոչ հայերեն: Ծանոթ լինելով այդ տիպի մի շարք ծրագրերի հետ, որոնց լեզուն կամ ռուսերեն է, կամ անգլերեն, Ձեզ ենք ուզում ներկայացնել Ռուսաստանում լավագույնը ճանաչված մի այդպիսի ծրագիր, որը մեր ջանքերի շնորհիվ ունի նաև հայերեն տարբերակ: Խոսքը համակարգչային թեստեր կազմելու և համակարգչային թեստավորում անցկացնելու MyTestXPro ծրագրի մասին է ( [3] ): Ծրագրի լեզուն պետք է ընտրել համակարգչում տեղադրելու ժամանակ:
MyTestXPro ծրագրի հնարավորությունները շատ բազմազան են: Ծրագիրը թույլ է տալիս կազմել 11 տիպի հարց.
• միակ ճիշտ պատասխանով,
• մի քանի ճիշտ պատասխանով,
• համապատասխանություն որոշելու,
• հերթականություն որոշելու,
• Ճիշտ կամ սխալ,
• պատասխանում թիվ մուտքագրելու,
• պատասխանում տեքստ մուտքագրելու,
• նկարի վրա տարածք նշելու,
• տառերի վերադասավորման,
• բաց թողած բառերը լրացնելու,
• Այո/Ոչ
Հարցերը և պատասխանները կարող են պարունակել բանաձևեր, նկարներ, նույնիսկ երաժշտություն: Մաթեմատիկայի տեսանկյունից հատկապես կարևոր է բանաձևեր ու նկարներ ներդնելու հնարավորությունը, ինչը գործնականում հնարավորություն է տալիս ձևակերպել ցանկացած հարց:
Շատ կարևոր է նաև որ հարցերը կարող են խմբավորվել և կարելի է սահմանփակել յուրաքանչյուր խմբից թեստում ընդգրկվելիք հարցերի քանակը:

Ավելի վաղ կազմել և հրատարակել ենք համակարգչային թեստեր` օգտվելով այլ ծրագրից (տես, օրինակ, [4]-ը), որը չուներ վերևում նշված հնարավորությունը և չէր բացառվում թեստում նույն բնույթի մի քանի հարցերի առկայությունը:
MyTestXPro-ն ունի ինչպես ստուգողական, այնպես էլ ուսուցողական ռեժիմ: Ուսուցողական ռեժիմը թույլ է տալիս հուշումներ, բայց դրանցից օգտվելիս համապատասխան չափով իջեցնում է միավորը` տուգանում է:
Յուրաքանչյուր առաջադրանքի համար կազմողը կարող է նախատեսել որոշակի միավոր, ինչպես նաև կարգավորել գնահատման սանդղակը:
Թեստն ավարտվելուց հետո արդյունքը ցուցադրվում է համակարգչի էկրանին` և գումարային, և տոկոսային տարբերակով:

Բացի գումարային և տոկոսային արդյունքներից, ցանկության դեպքում, կատարված յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ տրամադրվում է մանրամասն հաշվետվություն, որը պահվում է առանձին ֆայլում: Ահա այսպիսի հաշվետվության մի օրինակ (կրճատված տարբերակով):

Թեստավորման հաշվետվություն
Թեստ. Քառակուսային եռանդամ.
Թեստավորվող. Գրիգորյան Սահակ (8 Ա):
Թեստում առաջադրանքները.10: Կատարված առաջադրանքները.10: Դրանցից Ճիշտ են 9:
Գնահատական. Գերազանց:

Առաջադրանք №1 - ճիշտ
Լուծեք հավասարումը:


1) -
2) +
3) -
4) -



Առաջադրանք №10 - սխալ է...
Երկու հաջորդական բնական թվերի արտադրյալը նրանց գումարից մեծ է 109-ով: Գտեք այդ թվերի գումարը:
Գրեք թիվ.
1) Պատասխան. 23
Տրված է պատասխան. 1

Այդ արդյունքները կարող են ներկայացված լինել նաև հետևյալ ձևով.
Թեստավորվողի անունը."Գրիգորյան Սահակ":
Թեստավորվողի խումբը. "8 Ա":
Թեստի անվանումը. "Քառակուսային եռանդամ":
Թեստի առաջադրանքների քանակը. 10:
Կատարված առաջադրանքները. 10:
Դրանցից ճիշտ են. 9 (90,0% կատարված առաջադրանքներ):
Դրանցից սխալ են.1 (10,0% կատարված առաջադրանքներ):
Արդյունքը հակիրճ. "+++++++++-":
Արդյունավետությունը. 90,0%:
Օգտագործված հուշումները. 0:
Ստացած բալերը. 9,0 (10 հնարավորից): Արդյունքը. 90,0%:
Գնահատական. Գերազանց:
Սկսել է. 11:10:16:
Ավարտել է. 11:14:41:
Տևել է. 00:04:24:
Հնարավոր է ամբողջ դասարանի արդյունքներն ունենալ ամփոփ տեսքով, որը, մասնավորապես, շատ հարմար է դասարանում առկա դժվարությունները բացահայտելու համար:

Լոկալ ցանցի առկայության դեպքում թեստավորման արդյունքները կարող են ուղարկվել ուսուցչի համակարգչին, կարող են նաև ուղարկվել ընտրված էլեկտրոնային հասցեին:
MyTestXPro ծրագիրը վճարովի է` ուսումնական հաստատությունների համար մեկ լիցենզիայի արժեքը 100 ռուբլի է, լիցենզիա ձեռք բերելու համար պետք է այցելեք mytest.klyaksa.net կայք և այնտեղ կատարեք վճարում: Բայց, վճարելով ընդամենը մեկ լիցենզիայի համար, այդ ծրագրով կազմված թեստերով թեստավորում կարող եք անցկացնել ցանկացած թվով համակարգիչների վրա, քանի որ ծրագիրը հնարավորություն է տալիս թեստերը պահել նաև որպես ավտոնոմ exe ֆայլ: Երեք թեմաների և միասնական քննությունների այդպիսի ավտոնոմ թեստեր կարող եք ազատ ներբեռնել www.mathnet.am կայքից (Ներբեռնումներ -> Թեստեր -> Էլեկտրոնային թեստեր):
Պարզ է, որ համակարգչային թեստավորում անցկացնելու համար դպրոցը պետք է ունենա համակարգչային լսարան, որտեղ յուրաքանչյուր աշակերտի կարող է տրամադրվել առանձին համակարգիչ: Ցավոք մեր դպրոցներից շատերը դեռ չունեն նման հնարավորություններ, բայց այդ տեսակետից դրությունը գնալով բարելավում է: Բացի այդ, ծրագրի հեղինակը այդպիսի դեպքերի համար նախատեսել է ևս մեկ հնարավորություն` գեներացնել և արտահանել թղթային թեստեր: Դուք տալիս եք այդ հրամանը, ընտրում թեստերի քանակը և համակարգիչը գեներացնում է պահանջվող քանակի իրարից տարբեր ու իրար համարժեք թեստ, յուրաքանչյուրի վերջում տալով ճիշտ պատասխանները: Մնում է դրանք տպել և վերջից կտրել ու պահել պատասխանները: Քանի որ որ ուսուցիչն ավելի մեծ թվով թեստեր գեներացնելու և ստուգելու համար ծախսում է նույնքան ժամանակ ինչքան կծախսեր 2 թեստ կազմելու և ստուգելու համար, ապա նա կգերադասի 2-ի փոխարեն գեներացնել ասենք 10 թեստ, ինչը խիստ փոքրացնում է իրար հուշելու հնարավորությունները: Իսկ ինչ վերաբերվում է արտագրելուն, ապա դա բացառվում է, քանի որ ճիշտ պատասխաններն ունի միայն ուսուցիչը:


Հղումներ և գրականություն

1. forum.armedu.am/showthread.php/521-Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին
2. mathnet.am/մաթեմատիկական_ֆորում/կրթական-...նություններ.html#716
3. mytest.klyaksa.net/wiki/Заглавная_страница
4. Մաթեմատիկայի թեստային առաջադրանքների շտեմարան: –Եր.: "Զանգակ-97" հրատ., 2009: + CD
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 9 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top