Հիմա 146  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ:

Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ: 13 տարի 7 ամիս առաջ #7

Եկեք տեսնենք, թե ի՞նչպես են ստեղծվում դասագրքերը: Ու կհասկանաք, որ դրանք որակյալ չեն կարող լինել: Այդ պայմաններում որակյալ դասագիրքը բացառություն է, իսկ անորակը` օրինաչափ:
Բան այն է, որ դասագրքերի մրցույթները հայտարարվում են հրատարակչությունների միջև: Իսկ դա սխալ է: Դա նույն է, թե երաժշտական ստեղծագործության մրցույթ հայտարարվի նվագախմբերի միջև, կամ ճարտարապետական կոթողի մրցույթ հայտարարվի շինարարական կազմակերպությունների միջև, որոնք չունեն նախագծային բաժիններ:
Մրցութային հանձնաժողովներին ներկայացվում է ոչ ամբողջական դասագիրք, այլ նրա մի մասը: Հանձնաժողովն էլ ծանոթանում է դրա մի մասին միայն: Ավելին հնարավոր էլ չէ, քանի որ նրանց քիչ ժամանակ է տրվում և հավանաբար քիչ վարձատրություն (եթե տրվում է): Այս պայմաններում հանձնաժողովը չի կարող որակով կատարել իր առաքելությունը:
Անհասկանալի է նաև այն, որ ո՜չ հրատարակչությունները, ո՜չ էլ մրցութային հանձնաժողովներն որևէ պատասխանատվություն չեն կրում դասագրքի բովանդակային, լեզվական, տպագրական և մնացած որակների համար:
Կարծում եմ, նաև այդ պատճառով է, որ դասագրքերը լիքն են սխալներով, էլ չեմ խոսում վրիպակների մասին:
Մեր դասագրքերը հաճախ տեղեկատուներ կամ կոնսպեկտներ են հիշեցնում: Դրանք փորձում են ավելի շատ ինֆորմացիա տալով շատ բան սովորեցնել, բայց քանի որ այդ ինֆորմացիան սեղմ է և խիտ, հաշվի չի առնված տվյալ տարիքի երեխայի հնարավորությունները, ապա ստացվում է հակառակը: Մոտավորապես այնպես, ինչպես դա լինում է, երբ բարձր ճնշման ծորակը լայն բացելով փորձում եք փոքր բաժակի մեջ ջուր լցնել: Լցվածից այնտեղ ոչինչ չի մնում:
Լավ դասագիրք ունենալու համար պետք են լավ ծրագրեր: Իսկ դրանք այսօր լավը չեն, մասնավորապես վատ են համաձայնեցված նույն առարկայի կրտսեր, միջին և ավագ դպրոցի ծրագրերը:
Մաթեմատիկայի դեպքում ավելի լայն համաձայնեցում է պետք, քանի որ այն նաև սպասարկող առարկա է, այսինքն պետք է հաշվի առնել նաև թե, օրինակ, ֆիզիկայի և քիմիայի համար ինչ գիտելիք է անհրաժեշտ: Բայց նույնիսկ հանրահաշվի և երկրաչափության ծրագրերը համաձայնեցված չեն: Չկա ամբողջականություն, կարկատաններ են: Օրինակ, երկրաչափության ծրագրերում մեկ վեկտորները առաջ են բերում, մեկ ետ տանում, ուշադրություն չդարձնելով, որ այդ թեման կարևոր է նաև ֆիզիկայի դասավանդման համար:
Կարևոր հարցերից մեկն էլ հեղինակների հարցն է:
Գիրքը ներկայացնում է տվյալ հեղինակի պատկերացումը, թե տվյալ թեման կամ առարկան ոնց պետք է մատուցել տվյալ տարիքի աշակերտին:
Բայց շատ հեղինակներ իրենց կյանքում ոչ մի անգամ այդ նյութը չեն մատուցել տվյալ տարիքի աշակերտներին, աշակերտների հետ երբեք գործ չեն ունեցել: Կարծում եմ գիտնականները ներքուստ համաձայն են այս մտքի հետ: Դրա մասին է խոսում այն փաստը, որ նրանք կրտսեր դպրոցի համար դասագրքեր չեն գրում: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում գալիս ենք այն մտքին, որ լավ կլիներ նրանք բուհական դասագրքեր գրեին, դրանք ավելի որակյալ կլինեին:
Մի խոսքով, հեղինակի նույնիսկ հանճարեղ գիտնական լինելը չի երաշխավորում նրա գրած դասագրքի բարձր որակը:
Մրցութային հանձնաժողովներում լավագույն գիտնակաների ներկայությունը պարտադիր համարելով` գտնում եմ, որ լավագույն ուսուցիչներից կազմված խումբ նույնպես պետք է լինի: Եվ այդ խումբը պետք է լինի առանձին: Հակառակ դեպքում հայտնի գիտնակաների հեղինակությունը ճնշելու ու կաշկանդելու է ուսուցիչներին: Գիտնականներն ու ուսուցիչները դասագրքերը պետք է գնահատեն տարբեր կողմերից և իրարից անկախ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ: 13 տարի 6 ամիս առաջ #69

Առանց համապատասխան առաջնահերթությունների կրթական համակարգի հիմնախնդիրները չեն լուծվի
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր Էդուարդ Մուշեղի Ղազարյանի հետ

- Պարոն Ղազարյան, Դուք գիտական և մանկավարժական հսկայական փորձ ունեք, Դուք եղել եք ՀՀ կրթության նախարար: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է լուծել Հայաստանում կրթության մակարդակի անկման հիմնախնդիրը:

- Կրթական համակարգի հիմնախնդիրները չեն լուծվի, քանի դեռ մեր հասարակությունում գերակշռող կլինեն ոչ համապատասխան առաջնահերթություններ: Ամենավտանգավորը, որը տեղի է ունեցել վերջին 20 տարում, այն է, որ մարդուն սկսել են գնահատել նրա գնողունակությամբ, իսկ անձի արժանիքները` կրթվածությունը, ինտելեկտը, մասնագիտական ու բարոյական որակներն անտեսվում են: Այդ բացարձակ արատավոր մոտեցումը կունենա աղետալի հետևանքներ ամբողջ հասարակության ու երկրի համար: Դրանից էլ, որպես հետևանք, բխում է ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը, ինտելեկտուալ աճի բարոյական ու նյութական խթանների բացակայությունը: Մենք խոսում ենք գիտելիքահենք հասարակություն կառուցելու մասին, բայց գիտելիքներ ունեցող մարդկանց, առաջին հերթին գիտնակաների, աշխատանքը ամենացածր վարձատրվողներից է: Այդ պայմաններում պետք չէ սպասել, որ կրթական համակարգը աշխատի հաջողությամբ: Պետության խնդիրը հասարակական առաջնահերթությունները փոխելն է, իսկ կրթության հիմնախնդիրների լուծումը պետք է սկսել դպրոցից:

- 12-ամյա դպրոցական կրթությունը կապահովի՞ կրթության մակարդակի բարձրացում:

- Ես 11-ամյա հանրակրթական դպրոցի կողմակից եմ և ԱԺ եմ ներկայացրել անհրաժեշտ փոփոխությունների ծրագիր, առաջարկել եմ հետևյալ կառուցվածքը. 3 տարի կրտսեր դպրոց, 6 տարի հիմնական և 2 տարի ավագ: Հիմնական դպրոցում 6-8 դասարաններն են, երբ աշակերտներն սկսում են ուսումնասիրել 4-5 նոր ու ծանր առարկա: Դա, իրոք, բարդ և պատասխանատու շրջան է ուսուցման համար: Իսկ կրտսեր դպրոցի համար 3 տարին բավարար է: Բայց այնտեղ մաթեմատիկա սովորեցնելու խնդիր կա: Կրտսեր դպրոցում մաթեմատիկա են դասավանդում դասվարները, որոնք չունեն մաթեմատիկական մտածողություն, չեն կարողանում լուծել նույնիսկ քառակուսային հավասարում և, հետևաբար, չեն կարող ձևավորել երեխաների մաթեմատիկական մտածողությունը: Ես առաջարկել եմ, որ կրտսեր դպրոցում էլ մաթեմատիկան դասավանդեն մասնագետները: Ուսման գործը ճիշտ կազմակերպելու դեպքում կրտսեր դպրոցի ծրագիրն աշակերտները կյուրացնեն 3 տարում: Այդ դեպքում 12-ամյա կրթության անհրաժեշտություն չի լինի:

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է ավագ դպրոցի ուսուցիչների մակարդակը:

- Ուսուցիչների մի մասը գիտելիքների լուրջ պակաս ունի: Նման դեպքերում իմաստ չունի խոսել ուսուցմանը ստեղծագործաբար մոտենալու մասին: Բայց կան նաև բարձր որակավորում ունեցող ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչներ, ընդ որում, հաճախ նրանք երևանյան դպրոցներում չէ որ աշխատում են: Ավագ դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացման մեր դասընթացներին հոյակապ ուսուցիչներ են մասնակցել Հրազդանից, Կապանից, Չարենցավանից:
Ֆրանսիայում ապագա ուսուցիչները 4 տարի ակադեմիական պատրաստություն են անցնում համալսարաններում, իսկ հետո` 2 տարի ուսումնասիրում են մանկավարժական առարկաներ: Մեր մանկավարժական բուհերը, ցավոք, բարձր որակավորում ունեցող մասնագետներ չեն պատրաստում: Իսկ թույլ մանկավարժը չի կարող խորը գիտելիքներ տալ աշակերտներին ու առարկայի նկատմամաբ հետաքրքրություն առաջացնել:

- Ինչպե՞ս է կազմակերպված մանկավարժների որակավորման բարձրացումը:

- Ավագ դպրոցի բոլոր ուսուցիչները պետք է անցնեն որակավորման բարձրացման դասընթաց: Ընդ որում, դասընթացը ընդգրկում է ոչ միայն ուսումնական ծրագրի դժվարամատչելի բաժինները, այլ նաև ընդհանրացնող դասախոսություններ, դրված է ուսուցիչների գիտելիքների համակարգման խնդիր: Եվ որ ամենակարևորն է, նախատեսված է ստեղծագործական և հետազոտական աշխատանք: Դասընթացն ավարտելով`ուսուցիչները մասնագիտական ռեֆերատ են գրում, որում արտացոլված պետք է լինեն առարկայի և մեթոդիկայի նրանց գիտելիքները: Ռեֆերատը պաշտպանվում է, և մանկավարժը ստանում է հավաստագիր: Բայց սետիֆիկացումը չպետք է կրի ձևական բնույթ, պետք է ապահովել օբյեկտիվությունը:

- Ի՞նչ պայմաններ կարող են նպաստել ուսուցիչների մասնագիտական աճին:

- Դպրոցն անընդհատ փոփոխություններ է կրում, որոնք իբրև ուղղված են ուսման որակի բարձրացմանը:
Բայց, ըստ էության, դա օպտիմալացման գործընթաց է, որը չի ապահովում հայտարարված խնդրի լուծումը: Նախկինում ուսուցչի լրիվ դրույքը շաբաթական 18 ժամ էր: Դա արդեն մեծ ծանրաբեռնվածություն էր: Հետո ավելացրին ևս 4 ժամ, իսկ դասարանների խտությունն աճեց մինչև 35 աշակերտ, որը հնարավորություն տվեց կրճատել ուսուցիչներին: Ուսուցիչների աշխատավարձը բարձրացրին, բայց իմաստ չունի խոսել ուսման որակի բարձրացման մասին: Ուսուցչին, որն օրեկան 4-5 դաս է անցկացնում և աշխատում է մեծաքանակ դասարանի հետ, ոչ ժամանակ է մնում, և ոչ էլ ուժ, որ կարդա մասնագիտական և գիտական գրականություն, ծանոթանա դասավանդման նոր մեթոդների հետ: Այդ մասին իմ կարծիքը հայտնել եմ կրթության նախարարին, բայց նախարարությունը դրա վերաբերյալ իր մոտեցումն ունի: Շատ կարևոր է նաև մասնագիտական աճի խթանների ստեղծումը: Պարզ է, որ ուսուցիչները մասնագիտական առումով տարբեր են: Կան սկսնյակ` անփորձ ուսուցիչներ, կան ուսուցիչ-մեթոդիստներ, ուսուցիչ-հետազոտողներ, մանկավարժներ բարձր և ցածր մասնագիտական պատրաստվածությամբ: Ուսուցչի աշխատանքի գնահատումը և վճարումը չի կարելի կատարել միայն քանակական ցուցանիշով: Ուսուցչի ժամերի քանակը կախված է տնօրենի հետ նրա անձնական հարաբերություններից և ոչ թե նրա մասնագիտական որակավորումից: Պետք է վերականգնել ուսուցիչների դասակարգումները, մրցույթներ անցկացնել և աշխատանքի դիմաց ուսուցչին վճարել համապատասխան ձևով: Եթե բարձր որակավորում ունեցող ուսուցիչը 30%-ով ավելի վճարվի, դա կլինի մասնագիտական աճի իրական խթան:

- Իսկ ի՞նչ վիճակում են դպրոցական դասագրքերի հետ կապված գործերը:

- Անկախության պայմաններում դասագրքերի հարցը շատ սրվեց: Մենք ունեիք հայոց լեզվի, գրականության, պատմության դասգրքերի ստեղծման մեծ և դրական փորձ: Ա. Ղարիբյանի հայոց լեզվի քերականությունը վերահրատարակվել է 24 անգամ: Հայ գրականության դասագրքի համար Հ. Թամրազյանն արժանացել է Պետական մրցանակի: Կան ուրիշ դրական օրինակներ ևս: Իհարկե, նոր պայմաններում փոխվել են մոտեցումները պատմական որոշ իրադարձությունների նկատմամբ: Բայց հիմնական դժվարությունները կապված են բնագիտական առարկաների դասագրքերի ստեղծման հետ: Այդպիսի փորձ մենք չունեինք: Ստիպված էինք թարգմանել ռուս հեղինակների դասագրքերը: Հիմա մենք որոշակի փորձ ենք ձեռք բերել: Արդեն հաստատված են բոլոր առարկաների պետական չափորոշիչներն ու ծրագրերը: Բայց այդ ոլորտում բավականին լուրջ և ոչ քիչ սխալներ են թույլ տրվել: Գրքերի հրատարակումը չէր կարելի բիզնեսի վերածել: Երբ պետք էր պատրաստել ու հարատարակել 110 անուն դասագիրք, ՀԲ-ն մեծ գումարներ հատկացրեց, և ճարպիկ գործարարները դրանից օգտվեցին` իրենց համար մեծ օգուտներ քաղելով: Հրատարակիչներն սկսեցին գնալ Ռուսաստան, նրանք այնտեղից բերեցին և հայերեն թարգմանեցին բնագիտական առարկաների բնավ էլ ոչ լավագույն դասագրքերը: Հաճախ վերցնելով այն, ինչ կարելի էր ձեռք բերել ցածր գնով: Հենց այդպես մեր դպրոցում հայտնվեց Գրոմովի և Ռոդինայի ֆիզիկայի ծայրահեղ անհաջող դասագիրքը: Ռուսական “Физика в школе” ամսագրում տպագրված հոդվածում այդ դասագիրքը սուր քննադատվել է: Հիմա մեր ուսուցիչները հրաժարվում են այդ գրքով աշխատել, որը ուսումնական ծրագրին նույնիսկ չի համապատասխանում: Հայաստանի դպրոցների 9-րդ դասարաններում ֆիզիկայից բացի, անցնում են նաև աստղագիտություն: Այդ գրքում աստղագիտություն չկա, ամբողջությամբ բացակայում է նաև ատոմի միջուկի կառուցվածքին նվիրված բաժինը: Հարկ եղավ ներգրավել ևս մեր երկու հեղինակներին, որ այդ դասագիրքը համապատասխանեցվի ուսումնական ծրագրին: Իհարկե, օգագործվել են ռուսական նաև այլ և հաջողված դասագրքեր: Դրանցից է պրոֆեսոր Աթանասյանի երկրաչափության դասագիրքը: Բայց շուտով այդ խնդիրը կլուծվի: Հիմա դպրոցական դասագրքերի պատարաստմանը ներգրավվում են Հայաստանի ամենահայտնի գիտնականները, որոնք առաջնորդվում են մեր երկրի ուսումնական ծրագրերով և միջազգային կրթական չափորոշիչներով:

- Գիտության և կրթության ինտեգրումը եղել և մնում է բուհերի ակտուալ խնդիրը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ աշակերտներին ծանոթացնել գիտության վերջին նվաճումների և հեռանկարային ուղղությունների հետ:

- Եթե մեր տնտեսությունը կողմնորոշվում է ինտելեկտուալ արդյունքների ստացման և գիտատար արտադրության ուղղությամբ, ապա կարևոր խնդիրներից մեկը աշակերտների ինտելեկտուալ հետաքրքրությունների ձևավորումն ու նրանց մասանագիտական կողմնորոշումն է, որ ապագայում գործունեություն ծավալեն այդ ոլորտում: Անգնահատելի դեր կարող են ունենալ գիտա-հանրամատչելի հեռուստահաղորդումները, այս կամ այն ոլորտի գիտական նվաճումներին նվիրված դասերի անցկացումը, աշակերտների հանդիպումները հեղինակավոր գիտնակաների հետ: Եվ կարևոր է նաև այն, որ մանկավարժն ինքը ծանոթ լինի գիտության և տեխնիկայի ժամանակակից նվաճումներին: Գաղտնիք չէ, որ մեր աշակերտների ընդհանուր զարգացածությունը, նրանց ինտելեկտուալ հետաքրքրություններն աղետալի նվազել են: Այդ խնդիրը պետք է լուծել, եթե մենք ուզում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցել: Ես ինքս մեկ անգամ չէ, որ դասախոսություններ եմ կարդացել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների աշակերտների համար, հրատարակել եմ մի շարք գիտահանրամատչելի հոդվածներ, բայց գիտնական-էնտուզիաստները, որոնք պատրաստ են նման գործունեության` շատ չեն: Արդեն 6 տարի է “Գիտության աշխարհում” գիտա-հանրամատչելի ամսագրի խմբագիրն եմ, որն անկասկած կարող էր նպաստել բարձր դասարանների աշակերտների ինտելեկտուալ հետաքրքրությունների զարգացմանը, և մանկավարժներին ծանոթացնել գիտության վերջին նվաճումների հետ, բայց դպրոցները դրա նկատմամաբ հետաքրքրություն չեն դրսևորում:

- Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում օտարալեզու ուսուցմամբ դպրոցների բացմանը:

- Ինձ ցնցեց ինքը` մոտեցումը, պնդումը, որ իբր հայերեն լեզվով հնարավոր չէ ապահովել ժամանակակից մակարդակի ուսուցում: Մեր հայտնի գիտնականներից շատերն ավարտել են հայկական դպրոցներ, որը նրանց բնավ չի խանգարում ստանալ մրցունակ արդյունքներ և տպագրվել միջազգային ամենահեղինակավոր գիտական ամսագրերում: Ուսուցման լեզուն, առավել ևս, եթե խոսքը հայերենի մասին է, չի որոշում ուսուցման մակարդակը: Այլ հարց է, որ պետք է էապես բարձրացնել մանկավարժների որակավորումը և լեզուների դասավանդման մակարդակը: Այսօր երիտասարդության զգալի մասը ոչ միայն այլ լեզուներ չգիտի, այլ վատ է տիրապետում հայերենին, որը սահմանափակում է ինֆորմացիայի ընկալումը: Համենայնդեպս, կրթական հիմնախնդիրները լուծվում են ոչ թե ուսուցման լեզուն փոխելով, այլ այնպիսի պայմանների ստեղծումով, երբ գիտելիքն ու արհեստավարժությունն ըստ արժանավույն են գնահատվում:

Գայանե Սարմակեշյան
Газета “Голос Армении” 31.08.2010
Թարգմանեց Գ. Աղեկյանը

Հ.Գ. Ինչպես տեսնում եք հոդվածում տարբեր հարցեր են քննարկվում, և նրա տարբեր մասեր կարող էին ներկայացվել տարբեր թեմաներում: Բայց հոդվածի ամբողջականությունը պահպանելու համար այն մասերի չեմ բաժանել և ներկայացրել եմ այստեղ:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ: 13 տարի 5 ամիս առաջ #221

Դասագրքերն ընտրում են ըստ կազմերի
Հատված Ռիչարդ Ֆեյնմանի (1) «Դուք, իհարկե, կատակում եք, պարոն Ֆեյնման» գրքից
Վաթսունականների սկզբին իմ ընկերներից շատերը դեռ խորհրդատվական ծառայություններ էին մատուցում կառավարությանը: Իսկ ես այդ ժամանակ ոչ մի պատասխանատվություն չէի զգում հասարակության առաջ և ամեն կերպ դիմադրում էի Վաշինգտոն գնալու առաջարկներին, ինչի համար այն ժամանակ որոշակի քաջություն էր պետք:
Այդ ժամանակ առաջին կուրսեցիների համար ֆիզիկայի դասախոսություն էի կարդում, և դասախոսություններից մեկից հետո Թոմ Հարվին, որ ինձ օգնում էր ցուցադրական փորձերը կատարելիս, ասաց. «Պետք է տեսնես, թե ինչ է մաթեմատիկայի վիճակը դպրոցական դասագրքերում: Աղջիկս դասագիրք է տուն բերում, որում լիքը անհեթեթություն է գրված»:
Նրա բառերին առանձնապես ուշադրություն չդարձրի:
Բայց մյուս օրը ինձ զանգահարեց Փասադենայում հայտնի իրավաբաններից մեկը՝ կրթության գծով նահանգի խորհրդի անդամ: Նա հարցրեց, թե չէի ցանկանա արդյոք մասնակցել նոր ուսումնական պլաններ մշակող նահանգային հանձնախմբի աշխատանքներին, որը նոր դասագրքեր էր ընտրում Կալիֆորնիայի դպրոցների համար: Նահանգում օրենք էր գործում, որի համաձայն միջնակարգ դպրոցի բոլոր դասագրքերը պետք է հաստատված լինեին Կրթության խորհրդի կողմից: Դրա համար հանձնախումբ էր կազմավորվել, որը պետք է կատարեր դասագրքերի նախնական ընտրությունը: Այդ հանձնախումբը Խորհրդին երաշխավորում էր, թե որ գրքերն ընտրեն:
Պարզվեց, որ գրքերի մեծամասնությունը նվիված էր թվաբանության դասավանդման նոր մեթոդին, որը ստացել էր «նոր մաթեմատիկա» անվանումը: Բայց քանի որ այդ գրքերը սովորաբար միայն ուսուցիչներն էին տեսնում և կրթական համակարգի պատասխանատու անձիք, որոշվել էր, որ լավ կլիներ, որ դասագրքերի գնահատման գործում ներգրավեին մեկին, որ մասնագիտորեն է օգտվում մաթեմատիկայից, ով պատկերացնում է վերջնական արդյունքը և հասկանում, թե ինչու պետք է երեխաներին մաթեմատիկա սովորեցնել:
Հավանաբար այդ ժամանակ ես խղճի խայթ էի զգում, որ չէի մասնակցում կառավարական ծրագրերին և համաձայնեցի դառնալ այդ հանձնախմբի անդամ:
Անմիջապես սկսեցին հրատարակիչների նամակներն ու հեռախոսազանգերը: Ինձ ասում էին. «Շատ ուրախ ենք, որ Դուք ընդգրկվել եք հանձնաժողովի կազմում, քանի որ միշտ ցանկացել ենք, որ գիտնականները...», և «Հիանալի է, որ գիտնականն ընդգրկվել է հնաձնաժողովի կազմում, քանի որ մեր գրքերը գիտական ուղղվածություն ունեն»: Բայց նաև ասում էին. «Կցանկանայինք բացատրել, թե ինչի մասին է մեր գիրքը...», և «Ուրախ կլինենք, որ մեր գրքերի գնահատման ժամանակ ձեզ ինչ-որ օգնություն ցուցաբերել կարողանանք...» Դա ինձ լրիվ վայրենություն էր թվում: Ես օբյեկտիվ գիտնական եմ և մտածում էի՝ քանի որ աշակերտները և ուսուցիչները պետք է գործ ունենան միայն դասագրքերի և ձեռնարկների հետ, հրատարկչի կողմից տրամադրվող ցանկացած լրացուցիչ տեղեկություն միայն կխանգարի: Դրա համար ես խուսափում էի հրատարակիչների հետ բոլոր խոսակցություններից և միշտ պատասխանում էի. «Ոչինչ պետք չէ բացատրել: Վստահ եմ, որ իրենց մասին գրքերն իրենք կխոսեն»:
Ես ներկայացնում էի որոշակի շրջան, որն ընդգրկում է Լոս-Անջելեսի մարզի մեծ մասը, բացի բուն քաղաքից. քաղաքը ներկայացնում էր Լոս-Անջելեսի դպրոցական համակարգից մի սիրունատես տիկին, որին միսիս Ուայթհաուզ էին անվանում: Պարոն Նորիսը ինձ առաջարկեց հանդիպել նրան և պարզել, թե ինչով է զբաղված հանձնաժողովը և ինպես է աշխատում:
Միսիս Ուայթհաուզն ինձ սկսեց պատմել, թե ինչ են պատրաստվում քննարկել հաջորդում նիստում (մեկն արդեն տեղի էր ունեցել. ինձ ավելի ուշ էին նշանակել): «Պետք է քննարկվեն բնական թվերը»: Գաղափար չունեի, թե ինչ են դրանք, բայց պարզվեց, որ դրանք այն թվերն են, որոնց ես միշտ անվանել եմ ամբողջ թվեր: Նրանք բոլոր հասկացությունների համար այլ անվանումներ ունեին, այնպես որ հենց սկզբից ինձ համար բավականին բարդություններ առաջացան:
Նա ինձ պատմեց, թե դասագրքերի գնահատումն ինչպես է կատարվում սովորաբար: Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր գրքից մեծ քանակությամբ ուղարկում են ուսուցիչների և շրջանի պատասխանատու աշխատողների: Հետո հավաքում են կարծիքները: Ես ուսուցիչների և պաշտոնյաների շրջանում մեծ ծանոթություն չունեի: Բացի դրանից, համարում էի, որ գրքերը կարդալով՝ ինքս էլ կարող էի որոշել՝ դրանք ինձ դուր գալիս են, թե ոչ: Այնպես որ, որոշեցի բոլոր գրքերն անձամբ կարդալ: (Իմ շրջանում մի քանի մարդիկ կային, որ սպասում էին, թե գրքերն իրենց ցույց կտան և ցանկանում էին իրենց կարծիքն արտահայտել: Միսիս Ուայթհաուզը նրանց առաջարկել էր իրենց հաշվետվությունները կցել իր անձնականին, որպեսզի այդ մարդիկ իրենց լավ զգան, իսկ ինձ ամենևին չէին անհանգստացնում նրանց բողոքները: Նրանք դրանով բավարարվեցին և ինձ համար ավելորդ դժվարություններ չստեղծեցին):
Մի քանի օրից ինձ զանգահարեց գրքի պահեստի աշխատակիցը և ասաց. «Մենք պատրաստ ենք գրքերը Ձեզ ուղարկելու, պարոն Ֆեյնման: Երեք հարյուր ֆունտ է ստացվում»:
Ես ցնցված էի:
- Ոչինչ, պարոն Ֆեյնման, մեկին կգտնենք, որ Ձեզ օգնի դրանք կարդալու:
- Ես դա չհասկացա. գիրքը կա՛մ կարդում ես, կա՛մ չես կարդում: Իմ աշխատասենյակում, ներքևում, դրանց համար առանձին դարակ հատկացրի (դրանք տասնյոթ ոտնաչափ տեղ զբաղեցրեցին) և սկսեցի այն գրքերից, որոնք պետք է քննարկվեին հաջորդ նիստում: Պատրաստվում էինք սկսելու տարրական դպրոցի դասագրքերից:
Դա հսկայական աշխատանք էր, և օրերով տանջվում էի իմ աշխատասենյակում: Կինս ասում էր, որ ընտանիքը կարծես հրաբխի վրա է ապրում. «Որոշ ժամանակ ամեն ինչ հանդարտ է, բայց հանկարծ դըմփ-դըրըմփ՝ ներքևում սկսվում էր «հրաբխի» ժայթքումը:
Հարցն այն էր, որ գրքերը շատ վատն էին: Դրանց մեջ շատ սխալներ կային: Դրանք շատ հապշտապ էին գրված: Ճշգրտության ձգտում զգացվում էր, բայց բերված էին օրինակներ (օրինակ՝ փողոցի ավտոմեքենաները «բազմության» համար), որոնցում կարծես ամեն ինչ լավ էր, բայց միշտ որոշակի անճշտություններ էին մնում: Սահմանումները խիստ չէին: Ոչինչ միանշանակ չէր: Երևում էր, որ հեղինակներն այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ է ճշգրտությունը, «հարմարեցնում էին»: Նրանք սովորեցնում էին այն, ինչը իրենք ամբողջությամբ չէին հասկանում, և ինչը էականորեն անօգուտ էր երեխայի համար:
Ես հասկացա նրանց մտադրությունը: «Արբանյակից»(2) հետո շատերը մտածում էին, որ ռուսներից ետ ենք մնում, և դիմել էին մաթեմատիկոսներին, որ նրանք ուսումնական ծրագրերում նոր, հետաքրքիր մաթեմա-տիկական հասկացություններ ներմուծեն: Ցանկանում էին երեխաների համար գրավիչ դարձնել մաթեմատիկան, որը նրանց համար ձանձրալի էր:
Բերեմ օրինակ. այդ դասագրքերում խոսվում էր համրանքի տարբեր համակարգերի մասին՝ հինգական, վեցական և այլն, որպեսզի ցույց տրվեին բոլոր հնարավորությունները: Դա կարող է հետաքրքրել այն երեխային, որը գիտի, թե ինչ է տասական համակարգը: Այդպիսի երեխայի համար դա զվարճանք կլինի: Բայց ստացվում էր, որ յուրաքանչյուր սովորող պետք է սովորի համրանքի այլ համակարգ: Հետո սկսվում էր սովորական մղձավանջը. «Տրված թվերը յոթական համակարգից ձևափոխեք հնգականի»: Թվերի ձևափոխումը համրանքի մի համակարգից մյուսին բացարձակ անօգուտ զբաղմունք է: Եթե կարողանում եք դա անել, ձեզ կհետաքրքրի, չեք կարողանում` մոռացեք դրա մասին: Դա ոչ մեկին պետք չէ:
Ինչ էլ լիներ, ես այդ գրքերը կարդում ու կարդում էի, և ոչ մեկում չհանդիպեցի, որ խոսվեր գիտության մեջ թվաբանության կիրառության մասին: Եթե հանդիպում էլ էին թվաբանության կիրառության օրինակներ (իսկ հիմնականում դա ժամանակակից վերացարկված անպետքություն էր), դրանք վերաբերում էին դրոշմանիշների գնմանը:
Վերջապես հասա մի գրքի, որտեղ գրված էր. «Մաթեմատիկան լայնորեն կիրառվում է գիտությունների մեջ: Կբերենք օրինակ աստղագիտությունից` աստղերի մասին գիտությունից»: Թերթում եմ էջը և կարդում. «Կարմիր աստղերի ջերմաստիճանը չորս հազար աստիճան է, դեղին աստղերինը` հինգ հազար ... »,- դե, ոչինչ: Շարունակությունը. «Կանաչ աստղերն ունեն յոթ հազար աստիճան ջերմաստիճան, երկնագույն աստղերը` տասը հազար, իսկ մանուշակագույն աստղերը՝ ... (ինչ-որ մեծ թիվ)»: Կանաչ և մանուշակագույն աստղեր չեն լինում, իսկ մնացածի համար ջերմաստիճանները մոտավորապես են ճիշտ: Ընդհանուր առմամբ կարծես ամեն ինչ ճիշտ է, բայց անընդհատ խափանումներ են: Եվ այդպես էր ամեն տեղ. գրված է մեկի կողմից, ով ըստ էության չգիտի, թե ինչի մասին է գրում: Արդյունքում միշտ ինչ-որ բան սխալ է ստացվում: Չեմ հասկանում, թե ինչպես ենք պատրաստվում լավ սովորեցնել, եթե դասագրքերը գրում են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ չեն հասկանում այն, ինչի մասին գրում են: Եվ ստացվում են այլանդակ գրքեր: Ամբողջովին այլանդակ:
Բայց համենայն դեպս, այս գրքից գոհ էի, քանի որ առաջին անգամ էի հանդիպում, որ բերվում էր թվաբանությունը գիտության մեջ կիրառելու օրինակ: Մի քիչ դժգոհ էի, երբ աստղերի ջերմաստիճանի մասին կարդացի: Մի քիչ, քանի որ ամեն ինչ կարծես քիչ թե շատ ճիշտ էր, ուղղակի սխալներ էին թողնված: Հետո խնդիրներ էին: Այսպիսի. «Ջոնը և նրա հայրը դուրս եկան աստղերին նայելու: Ջոն տեսնում էր երկու երկնագույն և մի կարմիր աստղ: Նրա հայրը տեսնում էր մի հատ կանաչ և երկու դեղին աստղ: Ինչքա՞ն է Ջոնի և նրա հոր տեսած աստղերի ընդհանուր ջերմաստիճանը»,- և կատաղությունից ես պայթում եմ:
Կինս սա էր անվանում «հրաբուխ ներքևում»: Սակայն ես ընդամենը մի օրինակ բերեցի, իսկ այդպես էր մշտապես: Մշտական զառանցանք: Բացարձակ անիմաստ է աստղերի ջերմաստիճանը գումարելը: Այդ բանը երբեք ոչ ոք չի անում, բացի, հնարավոր է, այն միակ դեպքից, երբ միջին ջերմաստիճան են հաշվում, բայց ոչ երբեք աստղերի գումարային ջերմաստիճան: Սարսափելի է: Այդ ամենը ընդամենը խաղ էր, որպեսզի ստիպեին գումարել, և հեղինակները չէին հասկանում այն, ինչի գրել էին: Թվում էր, թե համարյա առանց տպագրական սխալների տեքստ ես կարդում, և հանկարծ՝ ամբողջ նախադասությունն է գլխիվայր: Մաթեմատիկայի վիճակը հենց այդպիսին էր: Բոլորովի՛ն անհույս:
Եվ ահա գնացի առաջին խորհրդակցությանը: Հանձնաժողովի մյուս անդամները գնահատականներ էին դրել մի քանի գրքերի, և ինձ էլ հարցրին, թե ինչ եմ գնահատել: Իմ գնահատականները հաճախ տարբերվում էին բոլոր մյուսներից, և ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս գիրքն այսքան ցածր գնահատել»:
Բացատրում էի, որ այդ գրքի այսինչ էջերում կան հետևյալ թերությունները: Ես ամեն ինչ գրառել էի:
Նրանք հայտնագործեցին, որ իսկական գանձ եմ. ես միշտ կարողանում էի հանգամանորեն բացատրել, թե ինչով է լավ կամ վատ տվյալ գիրքը: Իմ բոլոր գնահատականները հիմնավորված էին:
Իսկ երբ ես էի հարցնում, թե այսինչ գիքը ինչու է նրանց բարձր գնահատականին արժանացել, պատասխանում էին. «Իսկ Դուք ի՞նչ եք մտածում գրքի մասին...»: Պատասխանի փոխարեն ինձ էին հարց տալիս, և ոչ մի կերպ հնարավոր չէր լինում պարզել, թե ինչու են գրքերը գնահատվել այդպես, այլ ոչ թե այլ կերպ:
Հերթը հասավ հրատարակչություններից մեկի թողարկած եռահատորյակի մասը կազմող մի գրքի, և ինձ հարցրեցին, թե ինչ եմ ես մտածում դրա մասին:
Ասացի. «Պահեստից ինձ այդ գիրքը չեն ուղարկել, բայց մյուս երկուսը լավն էին»:
Ինչ-որ մեկը փորձեց հարցը կրկնել. «Դուք այդ գրքի մասին ի՞նչ եք մտածում»:
- Արդեն ասացի, որ այդ գիրքն ինձ չեն ուղարկել: Այնպես որ ես չեմ կարող դրա մասին դատողություններ անել:
Գրապահեստի աշխատողն էլ այդտեղ էր և ասաց. «Ներողություն, ես կարող եմ ամեն ինչ բացատրել: Ձեզ չեմ ուղարկել այդ գիրքը, քանի որ այն դեռ ավարտված չէր: Կարգի համաձայն մենք գրքերը պետք է ունենանք որոշակի ժամկետում, իսկ հրատարակիչը մի քանի օր ուշացրել էր: Դրա համար մեզ ուղարկել էին գրքի մակետը` կազմով և դատարկ էջերով: Ընկերությունը ներողություն է խնդրում և հույս հայտնում, որ եռա-հատորյակը կքննարկվի, չնայած երրորդ հատորի ուշանալուն»:
Պարզվեց, որ այդ դատարկ կաղապարը գնահատվել էր հանձնաժողովի մի քանի անդամների կողմից: Նրանք չէին կարողանում հավատում, որ գիքը չկա. գնահատականները կային, չէ՞: Դեռ ավելին. գոյություն չունեցող գրքի գնահատականներն ավելի բարձր էին, քան մյուս երկու հատորներինը: Այն հանգամանքը, որ գիրքը չկա, ոչնչով չէր խանգարել դրա գնահատմանը:
Մտածեցի, որ համակարգը հետևյալ կերպ է աշխատում. երբ մարդկանց գիրք եք բաժանում կարդալու, դա նրանց ամենևին չի հետաքրքրում: Նրանք զբաղված են, նրանք մտածում են. «Այդ գիրքը հո մենակ ես չեմ կարդալու, այլ շատերը: Այնպես, որ կարևոր չէ, թե ինչ կգրեմ»: Եվ հենց այնպես թվանշան են նշանակում: Գոնե որոշ մասը: Ոչ բոլորը, բայց մի մասն այդպես է վարվում: Հետո կարծիքներ եք ստանում և չգիտեք, թե ինչու է հենց այդ գիրքն ամենաքիչ արձագանքն ստացել, այսինքն՝ մի գրքի համար ստացել եք, օրինակ, տասը կարծիք, իսկ մյուսի համար՝ ընդամենը վեց: Հետո միջինացնում եք ստացված գնահատականները՝ բնականաբար, հաշվի չառնելով չստացված գնահատականները: Այնպես որ ստացված գնահատականը ձեզ խելամիտ է թվում: Այս միջինացման ժամանակ ուղղակի աչքաթող է արվում այն հանգամանքը, որ կազմի մեջ բացարձակապես ոչինչ չկա:
Այս տեսությունը կառուցել եմ՝ տեսնելով, թե ինչ կատարվեց մեր հանձնաժողովում: Դատարկ կազմը գնահատել էր տասը անդամներից վեցը, իսկ մյուս գրքերը՝ տասից ութ կամ ինը մարդ: Միջինացման արդյունքն ավելի վատը չէր, քան ութը կամ ինը գնահատականի միջինացման դեպքում: Երբ ամեն ինչ բացահայտվեց, բոլորը շատ շփոթվեցին, և դա ինձ վստահություն ներշնչեց: Պարզվեց, որ հանձնաժողովի մյուս անդամները հսկայական աշխատանք են կատարել՝ բաժանել են գրքերը, կարծիքներ հավաքել, մասնակցել բոլոր հավաքներին և ընդունելություններին, որտեղ հրատարակիչները բացատրություններ են տվել իրենց գրքերի վերաբերյալ ավելի շուտ, քան իրենք կհասցնեին դրանք կարդալ:
Հանձնաժողովում ես միակն էի, որ կարդացել էր բոլոր գրքերը և հրատարակիչներից ոչ մի ուրիշ ինֆորմացիա չէր ստացել, բացի նրանից, ինչ գրքերում գրված կար և պետք է, ի վերջո, հասներ դպրոց:
Ո՞րն է գրքի մասին կարծիք կազմելու լավագույն եղանակը՝ ուշադիր կարդալո՞վ, թե՞ անուշադիր թերթած շատ մարդկանցից կարծիքներ հավաքելով. այս հարցը հիշեցնում է մի հայտնի խնդիր: Ոչ մեկին չի թույլատրվում տեսնել չինական կայսերը: Հարցը հետևյալն է՝ ի՞նչ երկարություն ունի չինական կայսեր քիթը: Սա պարզելու համար առաջարկվում է շրջել ամբողջ երկրով և յուրաքանչյուր բնակչի հարցնել, թե ինչ է մտածում միապետի քթի երկարության մասին: Հետո գտեք միջին թվաբանականը: Պատասխանը շատ «ճիշտ» կլինի, քանի որ հսկայական թվով տվյալներ եք միջինացնում: Ցավոք, այդ եղանակով ոչինչ էլ չեք իմանա: Միջին թվաբանականը, որը ստացվել է թեկուզ շատ մեծ քանակի, բայց չհետաքրքրված և անուշադիր մարդկանց կարծիքներից, իրավիճակի ձեր ընկալումը չի լավացնի:
Սկզբում գրքի արժեքի քննարկումը մեր պարտականությունների մեջ չէր մտնում: Մեզ ասել էին, թե քանի գիրք կարող ենք ընտրել, դրա համար էլ մենք որոշեցինք այնպիսի ծրագիր, որը լրացուցիչ շատ գրականություն էր պահանջում, քանի որ բոլոր նոր դասագրքերն էլ այս կամ այն թերություններ ունեին: Ամենալուրջ թերությունները «նոր մաթեմատիկական» դասագրքերն ունեին. դրանցում չէր հիշատակվում մաթեմատիկայի կիրառումների մասին, և շատ քիչ էին տեքստային խնդիրները: Դրանցում խոսք անգամ չկար անգամ դրոշմանիշների վաճառքի մասին, փոխարենը շատ էին ընդարձակ դատողությունները կոմուտացիայի և վերացարկված այլ հասկացությունների մասին, իսկ առօրյա որևէ կոնկրետ իրավիճակում մաթեմատիկայի կիրառման մասին ոչինչ չկար: Ի՞նչ ես անում՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում: Այդ պատճառով ամեն դասարանի համար բացի սովորողի հիմնական դասագրքից առաջարկեցինք մեկ-երկու լրացուցիչ դասագիրք, որոնցում գոնե ինչ որ բան կար մաթեմատիկայի կիրառությունների մասին: Երկար վիճաբանու-թյուններից հետո կարողացանք այդ ամենը բերել հավասարակշռության վիճակի:
Երբ մեր երաշխավորությունները ներկայացրինք Կրթական խորհրդին, մեզ ասացին, որ իրենք ավելի քիչ փող ունեն, քան ենթադրել են, այնպես որ մենք պետք է ամեն ինչը նորից վերանայեինք, կրճատեինք՝ արդեն հաշվի առնելով դասագրքերի գները և քանդեինք այնքան մանրամասնորեն կազմած ծրագիրը, որտեղ ուսուցիչը հնարավորություն ուներ անհրաժեշտ օրինակներ գտնելու:
Երբ հնարավոր դասագրքերի ընտրության կանոնները փոխվեցին, և մենք զրկվեցինք ծրագիրը քիչ թե շատ հավասարակշռելու հնարավորությունից, պարզ ասենք՝ այն դարձավ բավական քրջոտ: Բայց երբ հասավ սենատի բյուջեն որոշող հանձնաժողովին, այն ավելի խուզեցին: Այդ ժամանակ իսկապես դարձավ քրջոտ ծրագիր: Երբ այդ հարցը քննարկվում էր սենատում, ինձ խնդրեցին ելույթ ունենալ նահանգի սենատորների առաջ, բայց ես հրաժարվեցի. այդ ժամանակ արդեն հոգնել էի այդ թեմայով բազմաթիվ վիճաբանություններից: Կրթության խորհրդի համար մեր երաշխավորությունները պատրաստել էինք, և ես համարում էի, որ դրանք նահանգին ներկայացնելը Խորհրդի պարտականությունն է, ինչը ճիշտ էր օրենքի տեսակետից, բայց խելամիտ չէր քաղաքականության տեսակետից: Այդքան արագ չպետք է հանձնվեի, բայց երբ լավ հավասարակշռված ծրագիր կազմելու նպատակով այդպիսի լարված աշխատանքից և այդ դասագրքերի բազմաթիվ քննարկումներից հետո արդեն վերջում մեր արած ամբողջ աշխատանքը աղբանոց են նետում, մարդ ուղղակի ընկճվում է: Մեր կատարած աշխատանքը, պարզվեց, ոչ մեկին պետք չէր, այն ուղղակի կարելի էր շուռ տալ գլխիվայր և կատարել հակառակը, սկսել գրքերի գնից և ընտրել նրանք, որ գրպանիդ հարմար են:
Հարցը վերջնականապես որոշվեց և ինձ ստիպեց հանձանաժողովից դուրս գալ այն հանգամանքը, որ հաջորդ տարի պետք է քննարկվեին բնական գիտությունների դասագրքերը: Մտածում էի, որ դրանք, հնարավոր է, լավը լինեն, և մի քանիսը վերցրի նայելու:
Բայց այստեղ էլ նույն բանն էր. առաջին հայացքից ընդունելին ուշադիր դիտարկումից հետո պարզվում էր՝ սարսափելի է: Օրինակ` գրքերից մեկն սկսվում էր չորս նկարով՝ լարովի խաղալիք, ավտոնեքենա, հեծանվորդ և էլի ինչ-որ նկար: Եվ ամեն նկարի տակ հարց. «Ի՞նչն է սա շաժման մեջ դնում»:
Մտածեցի. «Հա, հասկանում եմ: Ցանկանում են պատմել մեխանիկայի մասին` ինպես է աշխատում խաղալիքի զսպանակը, քիմիայի մասին` ինչպես է աշխատում ավտոմեքենայի շարժիչը. կենսաբանության մասին` ինչպես են աշխատում մկանները»:
Այդպիսի հարցեր հայրս էր սիրում. «Ի՞նչն է ստիպում դրան շարժվել: Շարժվում է, որովհետև արևը լուսավորում է»: Եվ մենք կզվարճանայինք՝ դա քննարկելով:
- Ոչ, խաղալիքն աշխատում է, որովհետև զսպանակը լարված է,- կասեի ես:
- Իսկ ինչո՞ւ է զսպանակը լարված,- կհարցներ հայրս:
- Ես եմ լարել:
- Իսկ ինչո՞ւ ես դու կարողանում շարժվել:
- Որովհետև ուտում եմ:
- Իսկ սնունդը ստացվում է, քանի որ արևը լուսավորում է:
Այդպիսով կծնվեր այն բանի ընկալումը, որ շարժումը պարզապես արևի ձևափոխված էներգիան է:
Թերթում եմ էջը: Լարովի խաղալիքի համար պատասխանն է. «Էներգիան է այն շարժում»: Եվ հեծանվորդ տղայի համար՝ «Էներգիան է նրան շարժում»: Ամեն ինչի համար՝ «Էներգիան է շարժում»: Բայց դա լրիվ անմտություն է: Պատկերացրեք, որ գրված լիներ. «Վակալիկս»: Ահա ձեզ ընդհանուր սկզբունք. «Վակալիկսն է շարժման մեջ դնում»: Դա գիտելիք չի ավելացնում: Երեխան ոչինչ չի իմանում, դա ուղղակի բառ է:
Նրանք պետք է ուսումնասիրեին լարովի խաղալիքը, դիտարկեին ներսի զսպանակը, մինչև վերջ հասկանային դրա աշխատանքը, հետո պարզեին անիվների հարցը և հանգիստ թողնեին «էներգիան»: Հետագայում, երբ երեխաները հասկանան, թե ինչպես է աշխատում լարովի խաղալիքը, կարելի է քննարկել և ավելի ընդհանուր «էներգիա» հասկացությունը:
Բացի դրանից, ընդհանրապես ճիշտ չէ ասելը. «էներգիսն ինչ-որ բան շարժման մեջ է դնում»: Քանի որ, եթե ինչ որ բան էլ կանգ է առնում, նույն հաջողությամբ կարող ենք ասել. «Էներգիան կանգնեցրեց»: Նրանք նկատի ունեին կուտակված էներգիայի ձևափոխումը այլ տեսակի, ինչը «էներգիա» հասկացության նուրբ առանձնահատկություններից է: Այս օրինակներում էներգիան ո՛չ ավելանում է, ո՛չ նվազում. այն մի տեսակից փոխարկվում է մյուսին: Եվ երբ մարմինը կանգ է առնում, էներգիան վեր է ածվում ջերմության, այն անցնում է ընդհանուր քաոսին:
Բայց այդ գրքերն այդպիսինն էին: Դրանցում գրվածը մարդուն շփոթեցնում էր, անօգտակար էր, խճճված, ոչ միարժեք և մասամբ ոչ ճիշտ: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի այդպիսի գրքերով գիտություն սովորեցնել: Որովհետև դա գիտություն չէ:
Երբ ես տեսա այդ բոլոր սարսափելի գրքերը, որոնք ունեին նույն թերությունները, ինչ որ մաթեմատիկայի գրքերը, զգացի, որ իմ ներսում նորից հրաբխային պրոցես է սկսվում: Այդ ժամանակ հոգնել էի մաթեմատիկական գրքերը կարդալուց և արդեն համոզվել էի, որ չարչարանքս անօգուտ է: Այդ պատճառով էլ, այդպիսի ջանքերի մի տարի էլ պատկերացնելով, դուրս եկա հանձնախմբից:
Որոշ ժամանակ անց իմացա, որ այն գիրքը, որտեղ էներգիան էր ամեն ինչ շարժման մեջ դնում, երաշխավորվելու է կրթության Խորհրդի կողմից: Ես մի վերջին փորձ արեցի: Հանձնախմբի նիստերի ժամանակ ներկաներին թույլատրվում էր ելույթ ունենալ դիտողություններով, և ես վեր կացա ու ասացի, թե ինչու եմ այդ գիրքը վատը համարում:
Հանձնախմբում ինձ փոխարինող մարդն առարկեց. «Այս գրքին հավանություն են տվել այսինչ ինքնա-թիռաշինական ընկերության վաթսունհինգ ինժեներներ»: Ես չէի կասկածում, որ այդ ընկերությունում մի քանի շատ լավ ինժեներներ են աշխատում: Բայց վաթսունհինգ մարդը` արդեն շատ է: Այդ քանակի մարդկանց ունակությունների ընդգրկումը պետք է որ շատ լայն լինի: Այնպես, որ նրանց մեջ, հավանաբար, եղել են նաև ոչ պիտանիները: Սա նորից միապետի քթի երկարության միջինացման խնդիրն էր, կամ միայն կազմից բաղկացած գրքի գնահատում: Ավելի լավ կլիներ, եթե ընկերությունն ընտրեր իր մի քանի ամենաընդունակ ինժեներներին և գրքի գնահատումը նրանց առաջարկեր: Ես ինձ վաթսունհինգ մարդուց ավելի խելացի չէի համարում, բայց միջին վիճակագրական մեկ վաթսունհինգերորդից` իհարկե: Ինձ չհաջողվեց ոչինչ ապացուցել, և գիրքը արժանացավ Խորհրդի հավանությանը:
Երբ դեռ աշխատում էի հանձնախմբում, մի քանի անգամ հարկ եղավ Սան-Ֆրանցիսկո մեկնելու` տարբեր խորհրդակցությունների և, Լոս-Անջելես առաջին ուղևորությունից վերադառնալով, մտա հանձնախմբի գրասենյակը, որպեսզի ծախսերի փոխհատուցում ստանամ:
- Ինչքա՞ն նստեց Ձեզ վրա ուղևորությունը, պարոն Ֆեյնման:
- Այսպես, թռել եմ Սան-Ֆրանցիսկո, նշանակում է՝ ինքնաթիռի տոմսի արժեքը և օդանավակայանում իմ մեքենայի կայանման վճարը:
- Տոմսը Ձեզ մո՞տ է:
- Պարզվեց տոմսն ինձ մոտ էր:
- Իսկ մեքենայի կայանման անդորրագիրն ունե՞ք:
- Ոչ, բայց դա նստել է 2 դոլար և 35 ցենտ:
- Բայց մեզ անդորրագիրն է պետք:
- Ես ասացի` որքան է ինձ վրա նստել: Եթե ինձ չեք հավատում, ապա ինչո՞ւ եք լսում, երբ ես արտահայտում եմ իմ կարծիքը դպրոցական դասագրքերի թերությունների և առավելությունների մասին:
Այս հարցի շուրջը մեծ աղմուկ բարձրացավ: Ցավոք, ես վարժվել էի դասախոսություն կարդալ որևէ ընկերության, համալսարանի, սովորական մարդկանց համար, բայց ոչ կառավարության: Ես վարժվել էի ուրիշ վերաբերմունքի: «Որքա՞ն եք ծախսել». «Այսքան». «Խնդրեմ, պարոն Ֆեյնման»:
Այդ ժամանակ որոշեցի, որ նրանց այլևս ոչ մի անդորրագիր չեմ ներկայացնելու:
Սան-Ֆրանցիսկո կատարած երկրորդ ուղևորությունից հետո նորից տոմս և անդորրագիր ուզեցին:
- Չունեմ:
- Այսպես չի կարող շարունակվել, պարոն Ֆեյնման:
- Երբ ինձ ընդգրկում էին հանձնախմբում, ասացին, որ կվճարեք իմ բոլոր ծախսերը:
- Բայց մենք սպասում էինք, որ դուք անդորրագրերը կներկայացնեք, որպեսզի հաստատեք Ձեր ծախսերը:
- Ես ոչինչ չունեմ, որով հաստատեմ ծախսերը, բայց գիտեք, որ ես Լոս-Անջելեսում եմ ապրում և մեկնում եմ այլ քաղաքներ. իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս եմ այնտեղ հայտնվում, սատանան տանի:
Նրանք տեղի չտվեցին, բայց ես էլ չհանձնվեցի: Հասկանում եմ, որ երբ նման իրավիճակում ես հայտնվում և Համակարգին ենթարկվել չես ցանկանում, ապա երբ քո մոտեցումը չի աշխատում, հետևանքների համար ստիպված ես ինքդ հատուցել: Այդպիսով ես ինձ բավարարված զգացի, չնայած իմ ուղևորությունների համար ոչ մի փոխհատուցում չստացա:
- Սա միայն այն խաղերից մեկն է, որ ես խաղում եմ: Իրենց անդորրագի՞ր է պետք: Ես նրանց անդորրագիր չեմ տալիս: Այդ դեպքում փող չես ստանա: Լավ, այդ դեպքում ես փողը չեմ վերցնում: Նրանք ինձ չեն վստահո՞ւմ: Սատանան իրենց հետ, պետք չէ վճարել: Իհարկե, սա անհեթեթ է: Գիտեմ, որ հենց այսպես է աշխատում կառավարությունը. դե, գրողի ծոցը այդ կառավարությունը: Ես կարծում եմ, որ մարդը մյուսների հետ պետք վերաբերվի, ինչպես մարդու: Եվ քանի դեռ ինձ չեն վերաբերում, ինչպես մարդու, նրանց հետ գործ չունեմ: Նրանց համար վա՞տ է: Վատ է: Ինձ համար էլ է վատ: Ուղղակի մոռանանք այդ մասին: Գիտեմ, նրանք «հարկատուին» են պաշտպանում, բայց միայն տեսեք, թե հարկատուն ինչքան հուսալի էր պաշտպանված հետևյալ իրավիճակում:
Երկու գիրք կար, որոնցից երկար քննարկումների արդյունքում չէինք կարողանում մեկն ընտրել. իրար շատ նման էին: Այդ պատճառով էլ այդ հարցը թողեցինք Խորհրդի հայեցողությանը: Քանի որ Խորհուրդը արդեն գիրքն ընտրելիս առաջնորդվում էր դրա գնով, որոշեց իմանալ դրանց գները և ընտրել ավելի էժանը:
Այդ ժամանակ հարց առաջացավ. «Դպրոցները դասագիրքը կստանան սովորական ժամանակի՞ն, թե՞ կարող են դրանք ստանալ նախօրոք` նախքան ուսումնական կիսամյակի սկսվելը»:
Հրատարակիչներից մեկի ներկայացուցիչը կանգնեց և ասաց. «Շատ ուրախ ենք, որ ընդունեցիք մեր առաջարկած գինը, և կարող ենք գրքերը տրամադրել մինչև հաջորդ կիսամյակի սկիզբը»:
Պարտվող հրատարակչության ներկայացուցիչը նույնպես մասնակցում էր խորհրդակցությանը: Նա կանգնեց և ասաց. «Քանի որ մեր առաջարկած գինը նախատեսում էր գրքերի մատակարարման ավելի ուշ ժամկետ, կարծում եմ, որ ավելի շուտ մատակարարման դեպքում կարող ենք նոր գին առաջարկել, և կարող ենք գրքերն ավելի շուտ տալ»:
Պարոն Նորիսը, ով Փասադենայի Խորհրդի իրավաբանն էր, հարցրեց երկրորդ հրատարակչության ներկայացուցիչին. «Եվ ի՞նչ կարժենա ձեր գրքերի ավելի շուտ ստացումը»:
Նա թիվ արտասանեց. նախորդից ցածր գին էր:
Այդ ժամանակ ոտքի կանգնեց առաջին տղան և ասաց. «Եթե նա փոխում է գինը, այդ դեպքում ես էլ իրավունք ունեմ փոխելու իմ գինը». և ավելի ցածր գին ասաց:
Նորիսը հարցրեց. «Մի՞թե այդպես լինում է. գրքերն ավելի շուտ ենք ստանում, և դրանք ավելի էժա՞ն են»:
- Այո,- ասաց նրանցից մեկը:- Կարող ենք կիրառել տպագրության օֆսեթ եղանակը, որը սովորաբար չենք կիրառում...,- և էլի բացատրություններ, թե ինչու հանկարծ գրքերն էժանացան:
Մյուսը համաձայնում է. «Ինչքան գրքերն արագ ես տպում, այնքան էժան են նստում»:
Մենք իսկապես շոկի մեջ էինք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ գրքերը երկու միլիոն դոլարով էժան ստացվեցին: Այս հանկարծակի փոփոխությունը շատ զայրացրեց Նորիսին:
Իրականում տեղի էր ունեցել հետևյալը. գրքերի մատակարարման ժամկետի անորոշությունը այդ տղաներին նոր գին առաջարկելու հնարավորություն էր տվել: Սովորաբար, երբ գրքերն ընտրվում էին առանց դրանց գինը հաշվի առնելու, գինը իջեցնելն իմաստ չուներ. հրատարակիչներն իրենց հայեցողությամբ կարող էին կամայական գին նշանակել: Գնի իջեցումը ոչինչ չէր փոխի. որպեսզի պատվեր ստանային, պետք է հանձնախմբի անդամների վրա տպավորություն թողնեին ըստ կազմված ուսումնական ծրագրի:
Ի միջայլոց, երբ էլ որ հանձանխումբը հավաքվում էր նիստի, իսկույն հայտնվում էին հրատարակիչները, որոնք զբաղեցնում էին հանձնախմբի անդամներին նրանց հրավիրելով ճաշելու և պատմելով իրենց գրքերի մասին: Ես միշտ հրաժարվում էի այդպիսի առաջարկություններից:
Հիմա դա լրիվ ակնհայտ է թվում, բայց երբ մի անգամ չրերով և այլ բաներով լցված մի տուփ ստացա, որ ուղարկել էին «Ուէսթերն Յունիոն»-ի միջոցով ու «Մեր ընտանիքից ձեր ընտանիքին. շնորհավոր ձեր Գոհության օրը: Պամիլիոների ընտանիք» մի գրությունով, ես գլխի չէի ընկել, թե դա ինչ էր:
Ծանրոցը մի ընտանիքից էր, որի մասին երբևէ չէի լսել և որն ապրում էր հեռավոր Լոնգ-Բիչում: Միանգամայն ակնհայտ էր, որ ինչ-որ մեկը ցանկացել է ուղարկել իր բարեկամների ընտանիքին, բայց անունն ու հասցեն սխալ է գրել, այդ պատճառով էլ որոշեցի ամեն ինչ շտկել: Զանգահարեցի «Ուէսթերն Յունիոն», վերցրի ուղարկողի հեռախոսի համարը և զանգահարեցի:
- Բարև ձեզ, ես պարոն Ֆեյնմանն եմ: Ես ծանրոց եմ...
- Հա՜, բարև ձեզ, պարոն Ֆեյնման, Փիթ Պամիլիոն է,- և նա այնքան բարեկամաբար է սա ասում, որ սկսում եմ կասկածել, թե մենք ծանոթ ենք: Սովորաբար դժվարությամբ եմ հիշում մարդկանց:
Այդ պատճառով ասացի. «Կներեք, պարոն Պոմիլիո, բայց ես լավ չեմ հիշում, թե դուք ով եք... »
Պարզվեց, որ այն հրատարակչություններից մեկի ներկայացուցիչն է, որի գրքերը պետք է գնահատեի հանձնախմբում ուսումնական ծրագիր կազմելիս:
- Պարզ է: Բայց դա կարող է ճիշտ չմեկնաբանվել:
- Բայց դա ուղղակի նվեր է մի ընտանիքից մյուսին:
- Այո, բայց ես գնահատում եմ ձեր հրատարակած գիրքը, և ինչ-որ մեկը կարող է ճիշտ չմեկնաբանել ձեր բարությունը: Ես շատ լավ գիտեի, թե ինչ է կատարվում, բայց որոշել էի ինձ լրիվ ապուշի տեղ դնել:
Նման մի դեպք էլ պատահեց, երբ հրատարակիչներից մեկն ինձ կաշվե պայուսակ էր ուղարկել, որի վրա ոսկյա տառերով իմ անունն էր գրված: Նրան նույնպես պատասխանեցի. «Չեմ կարող դա ընդունել: Ես գնահատում եմ ձեր հրատարակած գրքերը: Կարծում եմ, որ Դուք դա չեք հասկանում»:
Հանձնախմբի անդամներից մեկը, ով այդտեղ ամենաերկարն էր աշխատում, ասաց.«Ես երբեք ոչ մի բան չեմ վերցնում. դա ինձ վիրավորում է: Բայց միևնույն է, ոչինչ չի փոխվում»:
Բայց մի հնարավորություն ես իսկապես բաց եմ թողել: Եթե միայն կարողանայի ավելի արագ գլխի ընկնել, ապա կարող էի շատ լավ անցկացնել այն ժամանակը, երբ հանձնաժողովի անդամ էի: Սան-Ֆրանցիսկո էի ժամանել երեկոյան, որպեսզի մյուս օրը գնայի իմ առաջին խորհրդակցությանը և որոշեցի գնալ քաղաքով թափառելու ու մի բան ուտելու: Վերելակից դուրս եկա և տեսա, որ հյուրանոցի նախասրահում նստարանին երկու տղա է նստած: Ինձ տեսնելով՝ նրանք վեր թռան ու ասացին. «Բարի երեկո, պարոն Ֆեյնման: Ո՞ւր եք ուղևորվում: Միգուցե Ձեզ ինչ-որ բա՞ն ցույց տանք Սան-Ֆրանցիսկոյում»: Նրանք ինչ-որ հրատարակչությունից էին, և ես չէի ցանկանում նրանց հետ կապվել:
- Գնում եմ ինչ-որ բան ուտելու:
- Կարող ենք Ձեզ ընթրիքի հրավիրել:
- Ոչ, ուզում եմ մենակ մնալ:
- Շատ լավ, կարող ենք Ձեզ օգնել ամեն ինչում, որ ցանկանաք:
Չկարողացա դիմանալ: Ասացի. «Դե լավ, գնում եմ մի փորձանքի հանդիպելու»:
- Կարծում ենք, որ այդ հարցում էլ կարող ենք օգտակար լինել:
- Չէ, վստահ եմ, որ դրանից ինքս գլուխ կհանեմ:
Իսկ հետո մտածեցի. «Ինչ սխալ արեցի: Պետք է նրանց թույլ տայի ամեն ինչ անել և օրագիր պահեի, որպեսզի Կալիֆոռնիայի բնակիչներն իմանային, թե ուր են հասել հրատարակիչները»: Երբ իմացա երկու միլիոն դոլարի տարբերության մասին, միայն Աստծուն է հայտնի, թե ինչքան եմ ափսոսացել, որ դա չեմ արել:

1) Ֆեյնման Ռիչարդ Ֆիլիպս (1918-1988) - 20-րդ դարի ամերիկացի վաստակաշատ ֆիզիկոս։ Մասնակցել է ամերիկյան ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին, 1965թ. արժանացել է ֆիզիկայյի բնագավառում Նոբելյան մրցանակի (ծանոթություն թարգմանչի)
2) 20-րդ դարի 50-ականների վերջում ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարված մրցավազք էր, թե ով առաջինը տիեզերք կուղարկի Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Այդ մրցավազքում ԱՄՆ-ը պարտվեց։

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը:

Նյութը վերցված է www.mskh.am կայքից:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ: 9 տարի 5 ամիս առաջ #1593

Էսօրվա շատ դասագրքերի հիմնական սխալը.

  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 9 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top