Այստեղ կարող եք ծանոթանալ նաև մարզիչներն արդեն օգտագործած մարդկանց կարծիքների հետ:
Առաջարկվող «Մարզիչների» գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարզվողը հայտվում է խաղային վիճակում ու իր կողքին ունի «մարզիչ», որը հսկում ու առաջնորդում է նրան դեպի հաղթանակ: Տվյալ թեմայի ուսուցումը վերածվում է խաղի, ինչը չի ձանձրացնում ու չի պահանջում ուսուցչի կամ ծնողի միջամտությունն ու հսկողությունը։
Ծրագիրն ի´նքն է գեներացնում մեծաքանակ ու աստիճանաբար բարդացող օրինակներ, ստուգում է արդյունքներն ու արձագանքում։ Կարևոր է, որ «մարզիչը» ոչ միայն ստուգում է արդյունքի ճիշտ կամ սխալ լինելը, այլ սխալվելիս տարբեր ձևով է արձագանքում ու ուղղորդում մարզվողին:
Էական է նաև այն, որ ամեն առաջադրանքի համար մարզվողը ճիշտ արդյունք գրանցելու մինչև երեք հնարավորություն ունի: Երբ մարզվողը նույն առաջադրանքի երրորդ քայլում սխալ է պատասխանում, սա արդեն գրանցվում է որպես սխալ և առաջարկվում է նոր առաջադրանք:
Անընդմեջ 14 ճիշտ պատասխանը գրանցվում է որպես հաղթանակ՝ հաղթանակի շնորհավորանքով ու գավաթով: Բայց եթե մարզվողը սրան հասել է 14-ից ավելի քայլ անելով (որոշ առաջադրանքների ճիշտ է պատասխանել 2-րդ կամ 3-րդ քայլում), «մարզիչն» առաջարկում է շարունակել ու ձգտել հաղթանակի հասնել ավելի քիչ քայլերով:









