12-ամյա կրթության անցնելու հետ կապված դպրոցի դասագրքերի մի մասը փոխվեց, մի մասի կազմերը և վրայի գրված թիվը փոխվեց:
Բայց այն, որ առիթը կարելի էր օգտագործել և դասագրքերը ժամանակին համահունչ դարձնել, այդպես էլ չարվեց:
Խոսքս այն մասին է, որ դասագրքերում ոչ մի ձևով չի արտահայտված նոր իրականությունը, այսինքն ժամանակակից տեխնոլոգիաները ոչ մի ձևով չեն օգտագործվում կամ գոնե չի առաջարկվում դրանք օգտագործել:
Բերեմ մեկ օրինակ:
Մասնագետներին հայտնի է, որ բազմանիստի հատույթ կառուցելը կարևոր և դժվար թեմաներից մեկն է:
Բայց թեմայի մատուցման հիմնական միջոցներն այսօր էլ, ինչպես 50 տարի առաջ, ցավոք, կավիճն ու գրատախտակն են: Կարծես ոչինչ չի փոխվել. Չկան ոչ համակարգչային լսարաններ և ոչ էլ այդ գործի համար պիտանի ծրագրեր: Իրոք ցավալի է, քանի որ դրանք կան: Օրինակ, կան համակարգչային ծրագրեր, որոնք մեծ օգնություն կլինեն այդ թեման դասավանդելու համար: Դրանք կօգնեն և ուսուցչին և աշակերտներին: Դրանց օգնությամբ կարելի է քայլ առ քայլ հատույթներ կառուցել, և յուրաքանչյուր քայլի համար էկրանին կարող են լինել համապատասխան բացատրություններ: Կարելի է նկարը պտտել բազմանիստի հիմքին ուղղահայաց ուղղի շուրջ, կարելի է թեքել: Հետևաբար կարելի է պատկերը դիտել բոլոր կողմերից, որն էլ հենց եռաչափ պատկերի կամ իրական մարմնի հետ աշխատելու տպավորություն է ստեղծում: Բացի այդ, սկզբնական տվյալները կարելի է սահուն փոխել ու այդ փոփոխությունները անմիջապես փոխում են վերջնական արդյունքը:
Ավելի մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ հոդվածներ բաժնից ներբեռնելով իմ “Բազմանիստերի ինտերակտիվ հատույթների կառուցումը համակարգչով” հոդվածում:
Սա միայն մեկ օրինակ է, հոդվածներ բաժնում դուք կգտնեք նաև այլ հոդվածներ, որոնք կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառմանն են նվիրված:
Իսկ մեզանում այդ ուղղությամբ համակարգված ձևով ոչիչ չի արվում: