Այս գիրքը GeoGebra ծրագրի ու այդ ծրագիրը հանրահաշվի և երկրաչափության դասերին կիրառելու ուղեցույց է:
Գրքում ներկայացված են GeoGebra-ի հիմնական հնարավորությունները, գործիքները, հրամաններն ու առանձնահատկությունները:
Առաջարկվող բազմաթիվ լաբորատոր աշխատանքները ներկայացնում են ամենօրյա դասապրոցեսում GeoGebra-ի օգտագործման հնարավոր տարբերակները:
Գրքին կից լազերային սկավառակը պարունակում է ինչպես նրանում դիտարկվող բոլոր ուսուցանող օրինակների, այնպես էլ դասապրոցեսում GeoGebra ծրագրի կիրառման հնարավորությունները ներկայացնող լաբորատոր աշխատանքների GeoGebra ֆայլերը:
Լազերային սկավառակը պարունակում է նաև տարբեր թեմաներով մեծաքանակ ինտերակտիվ մոդելներ, որոնցից կարող են օգտվել նույնիսկ GeoGebra ծրագրին լրիվ անտեղյակ աշակերտներն ու ուսուցիչները: Դրա համար բավարար է, որ նրանց համակարգիչներում տեղադրված լինի GeoGebra ծրագիրը:
Ընթերցողին օգնելու համար գրքին կից լազերային սկավառակը պարունակում է նաև GeoGebra ծրագիրը: Ծրագիրը կարելի է ազատ ներբեռնել GeoGebra-ի պաշտոնական կայքից` www.geogebra.org-ից կամ իմ անձնական կայքից` www.mathnet.am-ից:
GeoGebra-ն յուրացնել և ուսումնական նպատակներով օգտագործել ցանկացողներին ևս մի բանով օգնելու համար www.mathnet.am կայքի ֆորումում բացված է Geogebra-ին նվիրված թեմա: Ձեզ հուզող հարցերի ու դժվարությունների մասին կարող եք գրել այդ թեմայում ու ստանալ խորհուրդներ:
Ուզում եմ նշել նաև, որ գիրքը նախատեսված է և աշակերտների, և ուսուցիչների համար, հետևաբար ընթերցողը պետք է ըմբռնումով վերաբերվի այն դիտողություններին ու հարցադրումներին, որոնք իրեն չեն հասցեագրված:
GeoGebra-ի գործիքների ու մենյուների անունները, հրամանները, ինչպես նաև պատուհանների ու ներդիրների վերնագրերը կապույտ են:
Ծրագրի մենյուների, գործիքների, հրամանների ու պատուհանների անուններն անորոշ դերբայի փոխարեն գրված են առաջին դեմքով: Օրինակ, խմբագրել, պահել, ընտրել և այլնի փոխարեն խմբագրեմ, պահեմ, ընտրեմ և այլն:
Գիտեմ, սկզբում անսովոր կլինի, բայց սա ճիշտ տարբերակն է, այնպես, ինչպես Չծխել գրելու փոխարեն պետք է գրել Մի ծխեք կամ Չծխեք հայերեն տարբերակը:
Մի քանի բառից կազմված հրամաններում բառերը գրված են իրար կպած, բայց սա ծրագրի գրելաձևի պահանջն է, հակառակ դեպքում ծրագիրը չի հասկանում հրամանը: