Շրջանագծի
Հատվող լարերով կազմված անկյուն
Հատողով և շոշափողով կազմված անկյուն
Նույն կետից տարված հատող և շոշափող
♦ Շրջանագիծ է կոչվում հարթության այն կետերից բաղկացած երկրաչափական պատկերը, որոնք տրված կետից (կենտրոնից) գտնվում են տրված հեռավորության (շառավիղ) վրա:

♦ Շրջանագծի երկու կետերը միացնող հատվածը կոչվում է լար: Շրջանագծի կենտրոնով անցնող լարը կոչվում է տրամագիծ: Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:

♦ Ուղիղը, որը շրջանագծի հետ ունի միայն մեկ ընդհանուր կետ, կոչվում է շրջանագծի շոշափող:

♦ Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետից տարված շառավղին:

♦ Եթե ուղիղն անցնում է շառավղի` շրջանագծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավղին, ապա այն շոշափող է:

♦ Միևնույն կետից շրջանագծին տարված շոշափողների հատվածները հավասար են և կազմում են հավասար անկյուններ այդ կետով և շրջանագծի կենտրոնով անցնող ուղղի հետ:

♦ Լարին ուղղահայաց տրամագիծը (շառավիղը) կիսում է այդ լարը և նրանով ձգված աղեղը:

♦ Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնական անկյուն:

♦ Շրջանագծի աղեղի աստիճանային չափը այն կենտրոնական անկյան աստիճանային չափն է, որը հենված է այդ աղեղի վրա:

♦ Այն անկյունը, որի գագաթը գտնվում է շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյուն:

♦ Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է:

♦ Միևնույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները հավասար են:

♦ Տրամագծի վրա հենված ներգծյալ անկյունը ուղիղ է:

♦ Շրջանագծի զուգահեռ լարերի միջև պարփակված աղեղների աստիճանային չափերը հավասար են:

♦ Անկյունը, որի գագաթը շրջանագծից դուրս է, իսկ կողմերը հատում են շրջանագիծը, չափվում է հատողների մեջ պարփակված աղեղների կիսատարբերությամբ:

♦ Հատվող լարերով կազմված անկյունը չափվում է նրանց անջատած աղեղների կիսագումարով:

♦ Շոշափողով և լարով կազմված անկյունը չափվում է նրանց մեջ պարփակված աղեղի կեսով:

♦ Եթե շրջանագծի երկու լարերը հատվում են, ապա լարերից մեկի հատվածների արտադրյալը հավասար է մյուս լարի հատվածների արտադրյալին:

♦ Եթե A կետով տարված են AB շոշափողը (B-ն շոշափման կետն է) և հատող, որը շրջանագիծը հատում է P և Q կետերում, ապա AB2=AP·AQ:

♦ Եթե շրջանագծից դուրս գտնվող A կետով տարված են երկու հատողներ, որոնցից մեկը շրջանագիծը հատում է B1 և C1, իսկ մյուսը` B2 և C2 կետերում, ապա AB1⋅AC1=AB2⋅AC2:

♦ Կասենք, որ երկու շրջանագծեր ունեն արտաքին շոշափում, եթե նրանք ունեն միայն մեկ ընդհանուր կետ և կենտրոնները գտնվում են այդ կետի տարբեր կողմերում:

♦ Արտաքին շոշափման դեպքում շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը հավասար է շրջանագծերի շառավիղների գումարին:
♦ Կասենք, որ երկու շրջանագծեր ունեն ներքին շոշափում, եթե նրանք ունեն միայն մեկ ընդհանուր կետ և կենտրոնները գտնվում են այդ կետի միևնույն կողմում:

♦ Ներքին շոշափման դեպքում շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը հավասար է շրջանագծերի շառավիղների տարբերությանը:
♦ R շառավղով շրջանագծի երկարությունը` \(C = 2\pi R\):

♦ R շառավղով շրջանի մակերեսը` \(S = \pi {R^2}\):

♦ Շրջանի այն մասը, որը սահմանափակված է աղեղով և աղեղի ծայրակետերը շրջանի կենտրոնին միացնող երկու շառավիղներով, կոչվում է սեկտոր:

♦ \(\alpha \) կենտրոնական անկյունով սեկտորի
ա) աղեղի երկարությունը` \(l = \pi R \cdot \frac{\alpha }{{{{180}^0}}}\),
բ) մակերեսը` \(S = \pi {R^2} \cdot \frac{\alpha }{{{{360}^0}}}\):

♦ Շրջանի այն մասը, որը սահմանափակված է աղեղով և աղեղի ծայրակետերը միացնող լարով, կոչվում է սեգմենտ:

♦ \(\alpha \) կենտրոնական անկյունով սեգմենտի մակերեսը հաշվվում է հետևյալ բանաձևով. \(S = \pi {R^2}\frac{\alpha }{{{{360}^0}}} - \frac{1}{2}{R^2}\sin \alpha \):



