GeoGebra–ն դինամիկ մաթեմատիկայի ծրագրերից (կամ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաներից) է: Այն համակարգչային ծրագիր է` նախատեսված մաթեմատիկա ուսումնասիրելու ու դասավանդելու համար:
Դինամիկ ծրագրերն ամբողջ աշխարհում համարվում են ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ մաթեմատիկայի ուսուցման ամենաէֆեկտիվ միջոցը:
GeoGebra ծրագիրը թարգմանված է ավելի քան 50 լեզվով:
Հայերեն թարգմանությունն իմն է:
Ծրագրի անունը կազմված է Geometry և Аlgebra բառերի մասերից: Ի տարբերություն նմանատիպ այլ ծրագրերի GeoGebra-ն հնարավորություն է տալիս աշխատել նաև էլեկտրոնային աղյուսակների հետ, վիճակագրության ու հավանականությունների տեսության ամենատարբեր հարցեր ուսումնասիրել: 70 գործիքներից բացի, ունի հրամանների շատ հարուստ հավաքածու:
2011-ին mathnet.am-ում տեղադրվեցին ինտերակտիվ մոդելներ, որոնք պատրաստված էին հենց GeoGebra ծրագրով (
Ինտերակտիվ մոդելների նմուշներ):
Ճիշտ է այդ ինտերակտիվ մոդելներից, առանց սահմանափակման ու վճարի, կարող էին օգտվել բոլորը, բայց ինտերնետ կապով միայն:
Հիմա, երբ լույս է տեսել «GeoGebra–Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար» գիրքը, կից լազերային սկավառակով, այդ ամենից, դեռ մի բան էլ ավելի, կարող եք օգտվել առանց ինտերնետի:
Կայքում եղած մոդելներից ավելի շատ մոդելներ հիմա հասանելի են բոլորին:
Դրանք գրքին կից լազերային սկավառակի վրա են և դրանցից կարող են օգտվել նույնիսկ GeoGebra ծրագրին լրիվ անտեղյակ աշակերտներն ու ուսուցիչները: Դրա համար բավարար է, որ նրանց համակարգիչներում տեղադրված լինի GeoGebra ծրագիրը:
Ավելին, ծրագրի հայերեն տարբերակը և նրա ու նրա կիրառման ուղեցույց գիրքը հնարավորություն են տալու ուսուցիչներին ու աշակերտներին ստեղծել սեփական մոդելներ:
Դրա համար, իհարկե, նախ պետք է յուրացնել ծրագիրը: Գրքի ծավալը ծրագիրն արագ յուրացնելու հետ կապված կասկած կարող է առաջացնել, բայց ծավալը մեծացել է մի կողմից շատ մանրամասն բացատրությունների ու մանրամասն օրինակների (նույնիսկ բացատրված է թե ինչպես տեղադրեք GeoGebra ծրագիրը Ձեր համակարգչում), մյուս կողմից մեծաքանակ նկարների ու լաբորատոր աշխատանքների առկայության պատճառով:
Վստահեցնում եմ, որ ցանկության դեպքում ծրագիրը կարելի է շատ արագ սովորել: Ծրագիրը սովորելու վրա ծախսած ժամանակը շատ ու շատ անգամ փոքր է այն ժամանակից, որը կշահեք հետագայում այդ ծրագրին օգտագործելով: Արագ յուրացմանը կօգնի նաև գրքի բազմագույն լինելը, այսինքն ընթերցողը գրքում տեսնելու է ծրագրի պատուհանները, գործիքների կոճակները և այլն հենց այնպես, ինչպես դրանք երևում են համակարգչի էկրանին` այդ ծրագրով աշխատելիս:
Գրքում առաջարկվող լաբորատոր աշխատանքները ներկայացնում են ամենօրյա դասապրոցեսում GeoGebra-ի օգտագործման հնարավոր տարբերակները:
Գրքին կից լազերային սկավառակը պարունակում է ինչպես նրանում դիտարկվող ուսուցանող օրինակների, այնպես էլ լաբորատոր աշխատանքների GeoGebra ֆայլերը:
Լազերային սկավառակը պարունակում է նաև GeoGebra ծրագրի հայերեն տարբերակը:
Իսկ ի՞նչ կտա GeoGebra ծրագիրը ուսուցչին:
Օգտագործելով այս ծրագիրն ու նրանով պատրաստված մոդելները
1. գրավիչ ու հետաքրքիր կդարձնեք դասը,
2. սովորական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած կխնայեք ահագին ժամանակ,
3. հնարավորություն կունենաք շատ օրինաչափություններ դարձնել երեխաների համար տեսանելի ու ստուգելի, որը մեծապես կօգնի այդ օրինաչափությունների հեշտ ու կայուն ընկալմանը,
4. երեխաները հետաքրքրությամբ ու հաճույքով կմասնակցեն դասին,
5. բաց դաս անցկացնելը կդառնա շատ հեշտ, ներկաները կամ դասալսում անցկացնողները գոհ և տպավորված կլինեն:
Ապրիլ-հունիս ամիսներին "Անտարես" հրատարակչությունը կազմակերպեց սեմինարներ Ստեփանավանում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, Գյումրիում, Ծաղկունքում, Մարտունիում, Գավառում, Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Իջևանում, Երևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում ու Ստեփանակերտում: Այդ սեմինարներին մասնակցած 1200-ից ավելի ուսուցիչները շատ օգտակար ու կարևոր էին համարում թե սեմինարները, թե ծրագիրն ու ինտերակտիվ մոդելները: Բոլոր սեմինարի վերջում նրանք իրենց համաձայնությունն էին հայտնում վերևում թվարկված առավելությունների հետ (
լուսանակարներն այստեղ):
Պիտի նշեմ, որ Geogebra ծրագրից շատ ավելի օգուտ կարելի է քաղել, եթե այդ միջավայրում աշխատեն երեխաները: Թե ինչպես դա կարելի է անել, կարող եք տեսնել գրքի լաբորատոր աշխատանքների բաժնում:
Սկսեք օգտագործել ծրագիրը` և դասը մատուցելու, և երեխաներին տարբեր հետազոտություններ հանձնարարելու համար, ու որոշ ժամանակ անց ուղղակի կզարմանք, թե առաջ ինչպես էիք առանց դրա աշխատում: