Ներկայացնում եմ World Vision կազմակերպության հովանավորությամբ անցկացված “GeoGebra ծրագիրն ու նրա կիրառումը” թեմայով դասընթացի մասնակիցների կարծիքը այդ դասընթացի ու GeoGebra ծրագրի մասին:
Մենք` “GeoGebra ծրագիրն ու նրա կիրառումը” թեմայով դասընթացի մասնակիցներս, շնորհակալություն ենք հայտնում World Vision կազմակերպությանը նշված դասընթացը կազմակերպելու, “Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար” գիրքն ու կից լազերային սկավառակը մեզ նվիրելու համար:
Գոհ ու բավարարված ենք այն պայմաններից, որում անցնում էին այս դասընթացի պարապմունքները: Զգացված ենք World Vision կազմակերպության աշխատակիցների մշտական ուշադրությունից, ինչպես նաև 127 դպրոցի տնօրինության ու համակարգչային կաբինետի օպերատորի բարեհամբույր վերաբերմունքից:
Այս դասընթացը համարում ենք շատ կարևոր ու օգտակար: Այսպիսի դասընթաց մեզ վաղուց ու շատ էր պետք: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները մեզ կօգնեն չոր ու ցամաք մաթեմատիկայի դասերը դարձնել գրավիչ, հետաքրքիր ու ժամանակակից:
Ճիշտն ասած ահագին դժվարություններ կային, քանի որ մինչև հիմա հեռու ենք եղել նման բաներից: Բայց, ամեն անգամ բացահայտելով ծրագրի տված մի նոր հնարավորություն, ոգևորվում ու հիանում էինք, ու դա մեզ օգնում էր առաջ գնալ` ուշադրություն չդարձնելով դժվարությունների վրա:
Միայն լազերային սկավառակում եղած բազմաթիվ ու բազմապիսի մոդելներն արդեն հարուստ բազա են մաթեմատիկայի դասերը հետաքրքիր ու կենդանի դարձնելու համար: Շատ մոդելներ ուղղակի անփոխարինելի են` որևէ այլ ձևով հնարավոր չէ այդ օրինաչափությունները ներկայացնել, հատկապես երբ խոսքը դինամիկ հատկություններին կամ պարամետրից կախված օրինաչափություններին է վերաբերվում:
Գտնում ենք, որ GeoGebra ծրագիրը շատ կարևոր և օգտակար գործիք ու միջավայր է մաթեմատիկա ուսումնասիրելու ու դասավանդելու համար: Այն հնարավորություն կտա շատ ու շատ օրինաչափություններ դարձնել երեխաների համար տեսանելի ու ստուգելի, ինչով մեծապես կօգնի այդ օրինաչափությունների հեշտ ու կայուն ընկալմանը, սովորական եղանակով նյութը ներկայացնելու հետ համեմատած ժամանակի մեծ խնայողություն կապահովի, որով նույնպես կբարձրացնի դասի էֆեկտիվությունը:
Համոզված ենք, որ տեխնիկական հնարավորությունների առկայության ու ծրագրի հիմնական հնարավորությունները երեխաներին սովորեցնելու դեպքում, երեխաները հաճույքով կաշխատեն ծրագրի միջավայրում: Ուժեղ երեխաները կարող են նույնիսկ փոքրիկ հետազոտություններ ու հայտնագործություններ անել, իսկ համեմատաբար թույլերը կարող են հաղթահարել հանրահաշվի ու երկրաչափության ծրագրային մինիմալ պահանջները:
Անկեղծորեն ափսոսում ենք մեր այն կոլեգաների համար, ովքեր հնարավորություն չունեցան այս դասընթացի մասնակիցը լինել ու գտնում ենք, որ Կրթության ու Գիտության նախարարությունը պետք է նման դասընթացներ կազմակերպի ու հնարավուրություն տա մաթեմատիկայի շատ ավելի մեծ թվով ուսուցիչների դրանց մասնակցել: Այսպիսի հզոր ու ժամանակակից գործիքը չպետք է չճանաչված ու չօգտագործված մնա:
Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել նաև Գ.Վ. Աղեկյանին GeoGebra ծրագիրը հայերեն թարգմանելու, այդ ծրագրի ու նրա կիրառման ուղեցույց գրքի, էլեկտրոնային դինամիկ մոդելների պատրաստման, ինչպես նաև դասընթացը վարպետորեն վարելու, համբերատար ու մատչելի բացատրելու համար:
Առաքելյան Մարինե, Խանյան Օվսաննա, Ջանջուղազյան Նարինե, Իվանյան Անուշ, Ալեքսանյան Նունե, Ալեքսանյան Նելլի, Ազարյան Արծվիկ, Գրիգորյան Թամարա, Դավթյան Լիլիա, Մովսիսյան Աննա