Ցանկության դեպքում կարող եք փակել Օբյեկտների վահանակն ու Աղյուսակը: Դրա համար սեղմեք այդ պատուհանների վերևի աջ անկյունում գտնվող × նշանի վրա (այսինքն այնպես, ինչպես փակում եք Windows-ի կամ ցանկացած այլ պատուհան): Կարող եք փակել նաև Մուտքագրումը (մենյու Տեսք→Մուտքագրում→Ցույց տամ) ու կոորդինատային առանցքները (մենյու Տեսք→Առանցքներ): Կոորդինատային առանցքները փակելու համար կարող եք նաև Կտավի վրա աջ քլիկ անել և ընտրել Առանցքներ տողը: Անհրաժեշտության դեպքում կարող եք բացել կոորդինատային առանցքներն ու կոորդինատային ցանցը` հեշտացնելով ամբողջ կոորդինատներ ունեցող կետերի հետ աշխատանքը: Օբյեկտների վահանակը կամ Մուտքագրումն ավելի հարմար են հանրահաշվական արտահայտությունների, ֆունկցիաների հետ աշխատելու համար:
Թվարկվածներից բացի GeoGebra-ն ունի նաև այլ ենթապատուհաններ, որոնց մասին կխոսվի հետագայում:
Ինչպես արդեն ասվել է օբյեկտներ ստեղծելու հնարավորություններից մեկը GeoGebra-ի գործիքներն են:
Որևէ գործիք ակտիվացնելու համար սեղմեք նրա պատկերակով կոճակի վրա: Նկարում ակտիվ է Տեղաշարժեմ գործիքը:
Գործիքների շարքի վերջում գրվում է ընտրված գործիքի անունը և նաև հուշում, թե այդ գործիքն ինչ է անում կամ ինչպես է աշխատում:
Չնայած վերևի նկարում տեսնում եք 12 գործիք, բայց դրանք շատ են` 70 հատ:
Գործիքները դասավորված են խմբերով: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված են նմանատիպ կամ նման օբյեկտներ ստեղծող գործիքներ:
Սեղմելով որևէ գործիքի պատկերակի ներքևի աջ անկյան փոքրիկ եռանկյան վրա` կարող եք գործիքների կախվող վահանակից ընտրել այդ խմբի մեկ այլ գործիք:
Ահա այդ խմբերից երկուսը.
Ընտրված գործքի պատկերակը կդառնա այդ խմբի երևացող պատկերակը և հետագայում նույն գործիքից օգտվելու համար պետք չի լինի դիմել կախվող վահանակին:
Գործիքների մեծ մասի համար անունն ու գործիքների վահանակի հուշումն ակնհայտ է դարձնում տվյալ գործիքի էությունը և աշխատանքի սկզբունքը: Նաև այդ պատճառով իմաստ չունի հատ-հատ ներկայացնել բոլոր գործիքները: Իհարկե, հետագա շարադրանքում քայլ առ քայլ կծանոթանաք տարբեր գործիքների և դրանց առանձնահատկությունների, մենյուների ու ենթամենյուների, հրամանների հետ, բայց լավ կլինի դադարեցնեք ընթերցանությունը և ուսումնասիրեք գործիքների խմբերը: Լավ կլինի, գործիքներ ընտրելով` փորձեք ստեղծել ինչ-որ օբյեկտներ, օրինակ, հատված, եռանկյուն, շրջանագիծ, հատվածի միջնակետ և այլն:
Դիտողություն: Հասկանալի է, որ կարդալուն զուգահեռ աշխատելու եք նաև GeoGebra ծրագրով` անելով համապատասխան գործողությունները: Իհարկե, դա ճիշտ մոտեցում է: Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե երկար ընդմիջումներ են լինում GeoGebra-ում արվող գործողությունների միջև, ապա ծրագիրը կարծես անցնում է ոչ ակտիվ (sleep) ռեժիմ և ակտիվանալու համար նրան ժամանակ է պետք: Ուրեմն, նման դեպքերում պետք չէ անհանգստանալ, որ ծրագիրը չի արձագանքում: Արեք որևէ քայլ ու սպասեք, ժամանակ տվեք նրան ակտիվանալու համար:
2.2 Շարունակենք ծանոթությունը
Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ: Թաքցրեք կոորդինատային առանցքները:
Ակտիվացրեք Նոր կետ գործիքը` և Կտավի երեք տարբեր կետերում քլիկ արեք: GeoGebra-ն կստեղծի A, B, C կետերը: Օբյեկտների անունները տրվում են այբբենական հերթականությամբ: Բայց ցանկության դեպքում կարող եք վերանվանել դրանք:
Ինչպես տեսնում եք C կետի շրջանակը տարբերվում է A և B կետերի շրջանակներից: Սրա պատճառը C կետի ընտրված լինելն է: Եթե կետն ընտրված է, ապա նրա շուրջը հայտնվում է նույն գույնի, բայց ավելի բաց երանգի օղակ:
Որևէ օբյեկտ ընտրելու համար մկնիկի ցուցիչը պահեք դրա վրա ու երբ ցուցիչը խաչից վերածվի սլաքի, սեղմեք մկնիկի ձախ կոճակը:
Ընտրված օբյեկտը կարող եք տեղաշարժել` օգտվելով ստեղնաշարի վերև (↑), ներքև (↓), ձախ (→) ու աջ (←) կոճակներից:
Օբյեկտը կարող եք տեղաշարժել նաև մկնիկով: Դրա համար Տեղաշարժեմ ռեժիմում () մկնիկի ցուցիչը պահեք դրա վրա ու երբ ցուցիչը խաչից վերածվի սլաքի, սեղմեք ու սեղմած պահեք մկնիկի ձախ կոճակը: Դուք բռնել եք օբյեկտը և կարող եք կամայական ձևով շարժել դա:
Հիմա ընտրեք Հատված ըստ երկու կետի գործիքը` : Այս գործիքը կարող է կիրառվել ինչպես արդեն գոյություն ունեցող երկու կետի վրա, այնպես էլ դատարկ Կտավի վրա: Բավական է մկնիկով սեղմեք այն դիրքերում, որտեղ պիտի լինեն գծվող հատվածի ծայրակետերն ու կկառուցեք այդ ծայրակետերով հատված: Արդյունքում կունենանք DE հատվածը: Անցնելով Տեղաշարժեմ ռեժիմ () կարող եք շարժել հատվածի ծայրակետերը այնպես, ինչպես շարժում էիք առանձին կետերը:
Աջ քլիկ արեք հատվածի վրա և բացված պատուհանում ընտրեք Հատկություններ… տողը: Հաջորդ պատուհանում, ընտրելով Գույն ներդիրը, կարող եք փոխել հատվածի գույնը: Նույն պատուհանի Ոճ ներդիրը հնարավորություն կտա ընտրել հատվածի գծի հաստությունը և ոճը:
Հիմա եթե փոխեք գործիքը` ընտրեք Միջնակետ կամ կենտրոն գործիքը` և քլիկ անեք DE հատվածի վրա, կկառուցեք DE հատվածի G միջնակետը: Եթե շարժեք D կամ E կետը, ապա G-ն նույնպես փոխվելու է և միշտ լինելու է DE հատվածի միջնակետը:
Սխալներն ուղղելու, նախորդ կամ հաջորդ վիճակներին անցնելու համար կարող եք օգտվել Չեղյալ համարեմ` (Undo) և Ետ բերեմ` (Redo) կոճակներից: Նույն բանն անելու համար կարող եք օգտվել նաև ստեղնաշարի Ctrl+Z ու Ctrl+Y կոճակներից:
Ուշադրություն դարձրեք Օբյեկտների վահանակին.
GeoGebra-ն տարբերում է ազատ և կախյալ օբյեկտները: Այս դեպքում A, B, C, D, E կետերն անկախ օբյեկտներ են, իսկ G կետը և a հատվածը (A և B ծայրակետերով հատվածը)` կախյալ օբյեկտներ են: Անկախ նրանից թե ազատ օբյեկտները ինչպես են ստեղծվել, դրանք կարող են փոփոխվել մկնիկով կամ ստեղնաշարով, իսկ կախյալ օբյեկտները փոխվում են նրանց ծնող օբյեկտների փոփոխություններին համապատասխան:
Հատված ըստ երկու կետի գործիքով կարող եք միացնել A և B, B և C, A և C կետերը, բայց այդ միացումներով եռանկյուն չեք ունենա: GeoGebra-ն ունի Բազմանկյուն գործիք` , որն էլ պետք է օգտագործել բազմանկյուն կառուցելու համար: Ընտրելով այդ գործիքը` հերթով քլիկ արեք A, C, B, A կետերի վրա: Այս գործիքն ունի կիրառման որոշ նրբություններ, դրանց մասին կխոսվի հետագայում:
Երբ մկնիկի ցուցիչը պահում եք որևէ օբյեկտի վրա, GeoGebra-ն ցույց է տալիս նրա մասին ինֆորմացիան: A, B, C կետերը առաջին ձևով միացնելու դեպքում, մկնիկի ցուցիչը “եռանկյան” վրա պահելիս ոչինչ չի ցուցադրվում, այսինքն դա GeoGebra-ի համար եռանկյուն չէ: Ահա այն ինֆորմացիան, որը ցուցադրվում է երկրորդ դեպքում.
Լավ, ենթադրենք ուզում եք ավարտել կառուցումները և պահել գծագիրը: Դրա համար պիտի բացեք Ֆայլ մենյուն և ընտրեք Պահեմ տողը.
Բացված պատուհանում ընտրեք այն թղթապանակը, որում ուզում եք պահել այդ ֆայլը, ֆայլին անուն տվեք: Գործն ավարտելու համար սեղմեք Պահեմ կոճակը:
Հուշում: «.ggb» ընդլայնումով ֆայլն արդեն ստեղծված է: Այդ ընդլայնումը վերաբերվում է GeoGebra ֆայլերին և ցույց է տալիս, որ դրանք կարող են բացվել միայն GeoGebra ծրագրով:
Զգուշացում: Ֆայլերի անուններում մի օգտագործեք պրոբել (բացարկ) և հատուկ սիմվոլներ: Ֆայլի անունը մի գրեք հայերեն տառերով, սա կարող է պրոբլեմներ առաջացնել, երբ համակարգչից համակարգիչ տեղափոխեք ֆայլը: Փոխարենը կարող եք օգտագործել ընդգծման սիմվոլն ու մեծատառերը (օրինակ, erankyun_1.ggb):
2.3 Հրամանների մուտքագրումը
GeoGebra-ի հրամանները շատ բազմազան են: Դրանց մի մասը կրկնում է գործիքների ֆունկցիաները, բայց կարող են լինել որոշ տարբերություններ: Օրինակ, եթե Հատված ըստ երկու կետի գործիքը կարող է նաև «ընթացքից» կետեր ստեղծել, ապա Հատված հրամանը կիրառելի է միայն արդեն գոյություն ունեցող կետերի համար: Շատ են նաև հրամանները, որոնք չունեն իրենց անալոգ գործիքը:
Որևէ հրաման մուտքագրելու համար մկնիկի ցուցիչը պահում եք Մուտքագրման դաշտում և քլիկ անում, ապա մուտքագրում համապատասխան հրամանն ու սեղմում ստեղնաշարի Enter կոճակը:
Օրինակ, եթե մուտքագրեք՝ f(x)=3*x+4, ապա Կտավի վրա կունենաք համապատասխան ֆունկցիայի գրաֆիկը: Օգտվելով Տեղաշարժեմ գծագիրը գործիքից` () կարող եք շարժել Կտավի ամբողջ պարունակությունը և տեսանելի դարձնել այն մասերը, որոնք կարևորում եք:
Տեսանելի մասը կարող եք կարգավորել նաև նույն խմբի Մեծացնեմ` , Փոքրացնեմ` գործիքներով կամ մկնիկի անվիկը ետ ու առաջ պտտելով:
Վերադառնանք հրամաններին: Քանի որ GeoGebra-ի հրամանները բավականին շատ են, օգտագործողին օգնելու համար նախատեսված է մի պատուհան ևս, որտեղ ներկայացված են բոլոր հրամանները: Դա բացելու համար քլիկ արեք Մուտքագրում տողի վերջում գտնվող փոքրիկ եռանկյան վրա:
Կբացվի ահա այս պատուհանը.
Կարող եք բացել որևէ բաժնի հրամանները կամ բացել բոլոր հրամանները: Այստեղ տեսնում եք նաև Մաթեմատիկական ֆունկցիաներ տողը, որտեղ ներկայացված է մաթեմատիկական ֆունկցիաների շատ հարուստ գրադարան:
Երբ ընտրում եք որևէ հրաման, ապա ներքևի պատուհանում հայտնվում է այդ հրամանը, իսկ փակագծերում այն օբյեկտը կամ օբյեկտները, որոնց վրա կարող է կիրառվել հրամանը:
Նկարում բացված են հանրահաշվի հրամանների խումբը և դրանցից ընտրված է ՊարզԱրտադրիչներ հրամանը: Ներքևի պատուհանում տեսնում եք այդ հրամանը և փակագծերում այն օբյեկտը, որի վրա կարող է կիրառվել հրամանը (տվյալ դեպքում դա պիտի լինի բնական թիվ): Սեղմեք ներքևի Տեղադրեմ կոճակի վրա և հրամանը կհայտնվի Մուտքագրման դաշտում: Փակագծերում նշեք թիվը, որն ուզում եք վերլուծել արտադրիչների և սեղմեք ստեղնաշարի Enter կոճակը:
Եթե հրամանը կիրառեք 28-ի վրա, ապա Օբյեկտների վահանակում կունենաք նրա վերլուծությունը պարզ արտադրիչների:
Տեղադրեմ կոճակի կողքի Օգնություն կոճակը ընտրված հրամանի հետ կապված օնլայն օգնություն ստանալու համար է (օնլայն օգնությունն անգլերեն է):
Կարևոր է իմանալ, որ եթե Մոտքագրման դաշտում սկսեք որևէ հրաման մուտքագրել, ապա GeoGebra-ն կառաջարկի հնարավոր տարբերակներ.
Առայժմ սահմանափակվենք այսքանով: Հետագայում տարբեր օրինակներ դիտարկելով` կխորացնենք այս թեմայի գիտելիքները:
2.4 GeoGebra-ի գծագրի արտահանումը փոխանակման բուֆեր
GeoGebra-ի գծագրերը որպես նկար կարող են արտահանվել փոխանակման բուֆեր, հետո ներմուծվել, օրինակ, MS Word կամ MS Power Point:
Որպեսզի GeoGebra-ն ամբողջ Կտավը չարտահանի փոխանակման բուֆեր, ինչի պատճառով գծագիրը կստացվի փոքր, պետք է փոքրացնել GeoGebra-ի պատուհանը, դուրս թողնելով ոչ պետքական տարածքները կամ ընտրել Կտավի այն մասը, որտեղ գծագիրն է:
Առաջինն անելու համար մկնիկով բռնեք պատուհանի ներքևի աջ անկյունից (GeoGebra պատուհանի եզրագծի կամ անկյունների վրա հայտնվելիս մկնիկի ցուցիչը կփոխի իր տեսքը) ու փոքրացրեք պատուհանը: Կտավի որևէ մաս ընտրելու համար Տեղաշարժեմ ռեժիմում () մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով քաշեք Կտավի վրա այնպես, որ առաջացող ուղղանկյունը ծածկի Ձեր ուզած տարածքը:
Կարող եք նաև օգտվել Տեղաշարժեմ գծագիրը գործիքից` կամ Փոքրացնեմ` , Մեծացնեմ` գործիքներից` նախապատրաստելով գծագիրը արտահանելու համար:
Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո ընտրեք Ֆայլ մենյուի Արտահանեմ→Ուղարկեմ բուֆեր հրամանը կամ ստեղնաշարի Ctrl+Shift +C կոճակները:
Արտահանված գծագիրը որևէ ծրագրում ներմուծելու համար պետք է բացել այդ ծրագիրը, ապա օգտվել դրա ներմուծման հրամանից (Paste) կամ ուղղակի կիրառել ստեղնաշարի Ctrl +V կոճակները: