Գրառումս սկսեմ մի անեկտոդով.
Երկու տղամարդ մի մեծ գերան են սղոցում` երկու բռնականի մեծ սղոցով:
Մոտենում է երրորդը և մի քիչ նայելուց հետո ասում.
- Սղոցը պետք է սրել:
- Մի խանգարի, ժամանակ չունենք, թող գործներս անենք,- պատասխանում են սղոցողները:
Սովորաբար, երբ գործընկերների հետ շփվելիս ասում ես ժամանակակից տեխնոլոգիաների` ինտերակտիվ միջավայրերի, սլայդների (PowerPoint), անիմացիաների ու վիդեոդասերի օգտակարության ու կարևորության մասին, նմանատիպ պատասխան ես լսում կամ նման բան է մտքներովն անցնում, բայց մի քիչ այլ ձևակերպումներով. Բա մենք ժամանակ ու հնարավորություն ունենք էդ տեսակ բաներով զբաղվելու համար կամ առաջ, որ դրանք չկային, ինչ է աշակերտներն ու ուսանողները չէի՞ն սովորում:
Ես հասկանում եմ, որ երբ մարդը 5-7 դաս անելուց հետո տուն է գնում ու դեռ տանն էլ անելու ահագին բան ունի, օրինակ, ստուգելու տետրեր, հաջորդ օրվա դասերին պատրաստվել, պլան-կոնսպեկտ և այլն, ապա նոր բաներ սովորելու ու նոր նյութեր ստեղծելու ոչ ժամանակ, և ոչ էլ տրամադրություն չի ունենա:
Բայց եկեք փորձենք նայել հակառակ կողմից:
Պատկերացրեք, որ դուք ունեք որակյալ վիդեոդասեր, պրեզենտացիաներ, էլեկտրոնային թեստեր և այլն:
Եթե այդ ամենը ունեք, ապա սովորական վիճակի հետ համեմատած ժամանակի ահագին խնայողություն կունենաք: Թեկուզ միայն էլեկտրոնային թեստերի միջոցով ահագին ժամանակ կտնտեսեք, քանի որ դրանք ձեզ կազատեն տարբերակներ կազմելու, հետո էլ աշխատանքները ձեռքով ստուգելու ահագին աշխատանքից: Ազատված ժամանակը կարող եք օգտագործել հազար ու մի ձևով: Կարող եք օգտագործել ինքնակրթության կամ ստեղծագործելու համար, կարող եք տրամադրել հանգստին, որի կարիքը կարծում եմ կունենաք:
Բնական հարց է առաջանում. Որտեղից հայտնվեցին այդ նյութերը:
Հնարավոր տարբերակներից մեկը այն է, որ դուք այն վերցրած լինեք ինտերնետից, մասնավորապես, հենց այս կայքից` mathnet.am-ից: Մյուս տարբերակը այն է, որ դրանք դուք ինքներդ պատրաստած լինեք: Կարևոր է հաշվի առնել, որ պատրաստելու եք մեկ անգամ, բայց օգտագործելու եք տարիներ շարունակ: Այնպես, որ նույնիսկ այդ տարբերակը վերջնական առումով ժամանակի ու էներգիայի խնայողություն է տալու:
Մի ուրիշ, ոչ քիչ կարևոր տեսանկյունից էլ նայենք այս ամենին:
Ուսուցիչները, հատկապես երիտասարդները, բավականին լարվում են, երբ գիտեն, որ իրենց մոտ դասալսում է լինելու կամ բաց դաս պիտի անցկացնեն:
Եթե դուք օգտագործեք ձեր պատրաստած կամ այլ տեղից ձեռք բերած, բայց որակյալ վիդեոդասեր ու պրեզենտացիաներ, ապա ցանկացած նորմալ ստուգող ձեզանից գոհ կգնա:
Եվ ստուգումը ձեր համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ` չառաջացնելով ոչ մի լարվածություն:
Եվ ամենագլխավորը. Ունենալով այդպիսի օգուտներ` դուք ոչինչով չեք նվազեցնելու կամ վատացնելու ոչ ուսուցման արդյունավետությունը, ոչ էլ սովորողների գիտելիքների որակը: Ընդհակառակը, թե մեկը, թե մյուսը բարելավվելու են: Վիդեոդասերն ու պրեզենտացիաները շատ ավելի լավ են ընկալվում, ու դասը ավելի լավ է յուրացվում, էլ չեմ ասում այնպիսի թեմաների մասին, որոնք ինչ-որ բաների դինամիկային են վերաբերվում: Դրանք սովորական միջոցներով ոչ մի կերպ չեք կարող ցուցադրել: Գեղագիտական առումով էլ այս միջոցները անհամեմատ ավելի լավն են, քան կավիճն ու գրատախտակը: